ԱԺ-ն վավերացրեց «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան
Խորհրդարանը վավերացրեց «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:
Այն վավերացնելու նախագիծը քվեարկությամբ ստացավ 79 «կողմ», 12 «դեմ» ձայներ:
Հայաստանը կոնվենցիան ստորագրել է 2010 թվականին: Կոնվենցիան համալիր միջազգային գործիք է՝ ուղղված երեխայի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունները կանխարգելելուն, զոհերի պաշտպանությանը, պատշաճ քննություն իրականցնելուն, իրազեկմանն ու համագործակցությանը: Կոնվենցիային անդամակցող պետությունները պարտավորվում են ապահովելու կոնվենցիայի 18-23-րդ հոդվածներով նախատեսված դիտավորությամբ կատարված արարքների քրեականացումը: Դրանք են երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնությունը, մանկական մարմնավաճառությունը, մանկական պոռնոգրաֆիան, երեխայի մասնակցությունը պոռնոգրաֆիկ ցուցադրությունների մեջ, երեխային սեռական բնույթի գործողությունների դրդումը, երեխայի սեռական այլասերումը և այլն:
ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը նիստում կոնվենցիան ներկայացնելիս խոսել էր նաև վերջին 3 տարվա ազգային վիճակագրության մասին: 2017-ին Քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 265 գործ, որոնցից 101-ը եղել են սեռական բնույթի: 2018-ին քննված գործերի քանակը եղել է 317, որոնցից 76-ն են եղել սեռական բնույթի: Իսկ 2019-ի միայն առաջին կիսամյակի տվյալներով 209 քրեական գործ է եղել, որից միայն 51-ն են եղել սեռական բնույթի գործեր:
ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը քվեարկությունից առաջ նշեց, որ կոնվենցիայում կան դրույթներ, որոնք հույս են տալիս, որ Հայաստանում փորձ է արվում մարդու իրավունքների պաշտպանությունն ավելի համակողմանի իրականացնել, սակայն իր կարծիքով՝ կոնվենցիան պարունակում է դրույթներ, որոնք սպառնալիքի տակ են դնում երեխաների դաստիարակության շահերը: Նա նաև տեղեկացրեց, որ Դեմիրճյան փողոցից ԱԺ մուտքի առջև քաղաքացիական ակցիա էր: Պետրոսյանի խոսքով՝ ինքը Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից ևս ստացել է ահազանգեր, նրանք ևս դեմ են արտահայտվում:
Նախագծի քննարկմանը Պետրոսյանը ընթերցել էր նախագծից մի դրույթ. «Յուրաքանչյուր կողմ ձեռնարկում է օրենդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու, որ երեխաները տարրական և միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման և սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ»: Պատգամավորը նկատել էր, որ տարրական կրություն են համարվում 1-4-րդ դասարանները, և հարց բարձրացրել՝ այդ տարիքի երեխաներին ուրիշ սովորեցնելու բան չունե՞ն: Նա առաջարկել էր Քրեական օրենսգրքում խստացումներով հարցը լուծել:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հիշեցրեց հանձնաժողովի նիստի քվեարկությունը, որին բոլոր խմբակցությունները կողմ են քվեարկել: Դիմելով Պետրոսյանին՝ նա ասաց. «Ցավում եմ, եթե առանձին մարդիկ կարողանում են առավոտյան Ձեր դիրքորոշման վրա ազդել: Սակայն այս կոնվենցիան բխում է երեխաների շահերից, այն մանկապղծության դեմ համաձայնագիր է, որը կանխելու է Հայաստանում մանկապղծությունը»:
ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանի կարծիքով՝ եթե հնարավորություն ունենային, կարող էին այդ հարցով լսումներ իրականացնել, հետո նոր քվեարկության դնել: