Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հուլիս / 2022 : 12-36

Իշխան Սաղաթելյանը և Վահե Հակոբյանը պաշտոնանկ արվեցին

Կողմ 66, դեմ՝ 0 ձայների բաշխմամբ Իշխան Սաղաթելյանը հետ կանչվեց ՀՀ ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոններից:

Քվեարկության արդյունքները հրապարակեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։

«ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 66—ը, քվեատուփում առկա են եղել 66 քվեաթերթիկ»,– ասաց նա։

Քվեարկությանը մասնակցած բոլոր 66 պատգամավորները կողմ են քվեարկել պաշտոնանկության նախագծերին։

Նշենք, որ Սաղաթելյանին և Հակոբյանին իր զբաղեցրած պաշտոններից հետ կանչելու նախաձեռնությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն էր։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չէին մասնակցում քվեարկությանը:

Հիշեցնենք, որ այսօր հուլիսի 1-ին ԱԺ-ն արտահերթ նիստ էր հրավիրել՝ օրակարգում՝ Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու հարցն էր։


Նախագծերը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, հիմնավորելով ընդդիմադիրներին պաշտոններից հեռացնելու իրենց նախաձեռնությունը, մասնավորապես նշել էր, որ Իշխան Սաղաթելյանը ձախողել է կատարել ԱԺ փոխնախագահի իր լիազորությունները: Իշխան Սաղաթելյանը 2022 թվականի հունվարի 17-ից հունիսի 29-ը ներառյալ, այսինքն՝ 2022 թվականի առաջին օրացույցային կիսամյակի նիստերի թվով 342 քվեարկություններից ունեցել է 198 բացակա: 8-րդ գումարման ԱԺ խորհուրդն իր ձևավորման պահից գումարել է թվով 25 նիստ, Իշխան Սաղաթելյանը միայն 7-ին է ներկա եղել: «Այսպիսով, թե ԱԺ լիագումար նիստերից, թե խորհրդի նիստերից հաճախակի բացակայությունների պատճառով Իշխան Սաղաթելյանը չի կատարել իր անմիջական պարտականությունները»,- նշել էր Ջուլհակյանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը, հիմնավորելով Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման իրենց նախաձեռնությունը, նշել էր, որ 8-րդ գումարման առաջին օրացույցային կիսամյակի ընդհանուր 342 քվեարկություններից Վահե Հակոբյանը չի մասնակցել 194-ին, ԱԺ 8-րդ գումարման ընթացքում հրավիրված 25 խորհրդի նսիտերից բացակայել է 20 անգամ: ԱԺ-ն 8-րդ գումարման ընթացքում ընդունել է 253 օրենք, որոնցից 83-ի համար գլխադասային է եղել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: ԱԺ 8-րդ գումարման ընթացքում ԱԺ նտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է 27 հերթական և արտահերթ նիստեր, նախագահ Վահե Հակոբյանը նիստերի նախապատրաստման, կազմակերպման աշխատանքներին չի մասնակցել, չի նախագահել թվով 11 նիստ: Այնուհետև քարտուղարությանը հանձնաժվող վերոնշյալ թվով նիստերի օրակարգերը և արձանագրությունները նրա կողմից չեն ստորագրվել, հանձնաժողովի ընդունարանը պարբերաբար փակ է եղել, իսկ զանգերը մնացել են անպատասխան:

Իշխանական պատգամավորները հայտնել էին, որ ՔՊ-ն հետագայում մտադիր է ԱԺ փոխնախագահ և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրել ընդդղիմադիրների, որոնք հավուր պատշաճի կկաատարեն իրենց պարտականութունները:

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները տևական ժամանակ է, ինչ չեն մասնակցում խորհրդարանի աշխատանքներին, նրանք փողոցային պայքար են սկսել:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 15852անգամ
Վերջին լուրեր