02 / Հուլիս / 2022 : 17-48

Կարող են դիտվել կարկուտ, տեղատարափ անձրևներ, ուժեղ քամիներ․ հուլիս ամսվա կլիմայական բնութագիրն ու ամսական կանխատեսումը

Հուլիս ամսվա կլիմայական պայմանների ձևավորման վրա մեծապես ազդում են արևադարձային լայնություններից ներթափանցող տաք և չոր օդային զանգվածները, որոնք իրենց հետ բերում են օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում էապես նվազում է, ինչի արդյունքում հունիս ամսվա համեմատ հուլիսին զգալի նվազում է տեղումների քանակը։ Հատկապես հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում հաստատվում է չոր և շոգ կլիմայական պայմաններ։ Yelaket.am այս մասին տեղեկացավ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հուլիսին միջին ամսական ջերմաստիճանը Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռնային շրջաններում և Սյունիքի հովիտներում տատանվում է +25...+27°C, Տավուշում` +18...+22°C, Լոռիում` +16...+18°C, լեռնային շրջաններում +15...+20°C սահմաններում:

Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման ժամանակ բացարձակ առավելագույն ջերմաստիճանը, որը հանրապետությունում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է, 2011թ. հուլիսի 31-ին գրանցվել է Մեղրիում` +43.7°C, 2017թ. հուլիսի 29-ին Արարատում +42.6°C, Երևանում +42.0°C: Լեռնային շրջաններում հուլիսը համեմատաբար զով է, առավելագույն ջերմաստիճանը չի գերազանցում +32...+35°C: Ամենաշոգ հուլիսները դիտվել են 1949, 1962, 1980, 1989, 2000, 2010, 2011, 2015, 2017թթ., երբ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով, իսկ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում 5-7 օր անընդմեջ տատանվել է +39...+41°C սահմաններում: Ամենահով հուլիսները դիտվել են 1946, 1967, 1969, 1995, 2009թթ., երբ ամսական միջին ջերմաստիճանը ցածր է եղել նորմայից 2-3 աստիճանով, իսկ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության հովտային շրջաններում չի գերազանցել +34...+35°C:
Առանձին տարիներին հուլիս ամսին կարող են ակտիվանալ Սև ծովի կողմից եկող խոնավ և սառը օդային զանգվածները, որոնք իրենց հետ բերում են օդի ջերմաստիճանի անկում և զգալի տեղումներ։


Ստորև աղյուսակը՝ Եղանակի կանխատեսում 2022թ. հուլիս ամսվա համար



Խոնավ հուլիսներ են դիտվել 1985, 2003, 2009, 2010, 2011, 2012թթ., երբ տեղումների ամսական քանակը կազմել է նորմայի 150-300%: Խիստ չոր հուլիսներ են եղել 1973, 1978, 1996, 1998, 1999, 2006թթ., երբ հանրապետության հովտային շրջաններում ամսվա ընթացքում տեղումներ ընդհանրապես չեն դիտվել:

Օդի հարաբերական խոնավությունը հուլիսին լեռնային շրջաններում բավական բարձր է` 60-70%, բարձր լեռնային շրջաններում` 80% և ավելի: Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռնային շրջաններում այն չի գերազանցում 44-55%: Առանձին օրեր Երևանում հարաբերական խոնավությունը հասնում է 20%, իսկ ցերեկային ժամերին կարող է նվազել մինչև 5%:

Հուլիսին զգալիորեն աճում է պարզ օրերի թիվը, Արարատյան դաշտում այն կազմում է 14-15 օր, մեծանում է արևափայլի տևողությունը` հասնելով իր առավելագույն արժեքին:

Կտրուկ նվազում է տեղումների քանակը, որը հանրապետության տարածքում միջինը կազմում է 49մմ, սակայն տեղումները բաշխվում են շատ անհամաչափ: Առավելագույն քանակը դիտվում է Լոռիում` 55-75մմ, նվազագույնը` Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում` 10-15մմ: Տեղումներով օրերի թիվը նույնպես անհամաչափ է բաշխված, Լոռիում` 13-15 օր, Արարատյան դաշտում 4-5 օր: Լինում են տարիներ, երբ Արարատյան դաշտում հուլիսին տեղումներ ընդհանրապես չեն դիտվում: Ամպրոպների հաճախականությունը հուլիսին նվազում է: Արարատյան դաշտում ամպրոպ դիտվում է 5-6 օր, լեռնային շրջաններում, այդ թվում Սևանա լճի ավազանում` 10-12 օր:

Հովտային շրջաններում, որտեղ զարգանում է լեռնահովտային շրջանառությունը, քամու արագությունը աճում է, հատկապես երեկոյան ժամերին։ Արարատյան դաշտում և Երևանում քամու առավելագույն արագությունը կարող է հասնել 20-22մ/վրկ և ավելի: Արարատյան դաշտում հաճախ դիտվում են խորշակներ` չոր և տաք քամիներ, որոնց հետևանքով խախտվում է բույսերի ջրային հաշվեկշիռը:

Եղանակի վտանգավոր երևույթներից հուլիսին կարող են դիտվել կարկուտ, տեղատարափ անձրևներ և ուժեղ քամիներ։ 2016թ. հուլիսի 10-ին Արմավիրի մարզում մոտ 30 րոպե տևողությամբ դիտվել է ուժգին կարկտահարություն, ինչը համարվում է ամենաինտենսիվը ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում։ Կարկտահատիկի տրամագիծը ասել է 4-5սմ-ի, կոտրելով տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, ահռելի վնաս հասցրել պտղատուներին և բանջարաբոստանային կուլտուրաներին։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 17061անգամ
Վերջին լուրեր