11 / Հուլիս / 2022 : 15-12

Կարող են լինել նոր ցնցումներ, սակայն անհանգստանալու և խուճապի մատնվելու հիմքեր չկան. ԱԻՆ

Արդեն հայտնել ենք, որ ս.թ. հուլիսի 11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում, Բավրա գյուղից ոչ հեռու, տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ: Այս սեյսմիկ ցնցմանը նախորդել են ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ համալիր մոնիթորինգի դիտացանցի տվյալների անոմալ դրսևորումներ, որոնք բնութագրում են երկրակեղևի լարվածա-դեֆորմացիոն վիճակը և որոնք կուտակվել են ՀՀ տարածքի հյուսիս-արևմտյան հատվածում` Բավրա գյուղի շրջակայքում: Մեծ է հավանականությունը, որ տարբեր պարամետրերի անոմալ դրսևորումները ռեալիզացվել են նշված երկրաշարժի և նրա բազմաթիվ հետցնցումների ձևով: Yelaket.am-ը այսմասին տեղեկացավ ԱԻՆ-ից։

Հիմնվելով այն տեղեկատվության վրա, որ վերը նշված անոմալ դրսևորումների քանակը ՀՀ տարածքում ընդհանուր առմամբ նվազել է, իսկ անոմալիաների ինտենսիվությունը` թուլացել, նաև այն փաստի վրա, որ վերը նշված 4.4 մագնիտուդով երկրաշարժին հետևած բոլոր ցնցումներն այս պահի դրությամբ ավելի թույլ են, քան նշված ցնցումը, ենթադրում ենք, որ տեղի է ունենում երկրակեղևում կուտակված լարումների աստիճանական թուլացում: Սա էլ նշանակում է, որ անհանգստանալու և առավել ևս խուճապի մատնվելու հիմքեր չկան:


Հարկ է նշել, որ հաշվի առնելով 4.4 մագնիտուդով երկրաշարժի ուժը, կարող են լինել նոր ցնցումներ, որոնց մի մասը կզգացվի բնակչության կողմից:

Հիշեցնենք՝ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 07:36-ին, ՀՀ տարածքում գրանցվել էր առաջին երկրաշարժը, որի ցնցման ուժգնությունը կազմել էր 6 բալ:

Այս ցնցումից քիչ հետո՝ ժամը 09:10-ին, գրանցվել էր 5 բալ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ, որից մեկ ժամ անց՝ ժամը 10:14-ին, գրանցվել էր երրորդ երկրաշարժը, որի էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 16939անգամ
Վերջին լուրեր