Մաքսանենգ ծխախոտ տեղափոխող ինքնաթիռը կապված է նախկին իշխանությունների օլիգարխիկ թևի հետ. Անդրանիկ Քոչարյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի երեկվա տեսաուղերձին, որում վերջինս մանրամասներ է պատմում Փաշինյանի աներորդու՝ իմքայլական պատգամավոր Հրաչ Հակոբյանի անվան հետ կապվող մաքսանենգ ծխախոտ տեղափոխող ինքնաթիռի պատմության մասին:
Ըստ Միքայել Մինասյանի` ՀՀ-ից մեկնած ինքնաթիռը, ըստ փաստաթղթերի, պետք է ուղևորվեր Աֆղանստան, սակայն վայրէջք է կատարում Աֆղանստանից ամենաանտրամաբանական հեռավորության վրա գտնվող ՌԴ-ի Կրասնոդարի օդանավակայանում։
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ դրանք, ամենայն հավանականությամբ, սուտ տեղեկատվություններ են, որովհետև ՀՀ իրավապահ մարմինները դեռևս չեն ստացել ՌԴ-ից որևէ տեղեկատվություն.
«Կասկած չունեմ, որ Միքայել Մինասյանը տիրապետում է նմանատիպ նախկինում օգտագործած սխեմաներին, բայց դա Հրաչ Հակոբյանի հետ որևէ կապ չի կարող ունենալ, եթե ուսումնասիրեք, կտեսեք, թե ովքեր են՝ Վարդան Հարությունյան և այլք։ Դրանք կապված են նախկին իշխանությունների օլիգարխիկ թևի հետ»,- նշեց Քոչարյանը: