04 / Օգոստոս / 2022 : 12-23

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ ապահովել. եկեք, հատեք ՀՀ սահմանը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանն ամեն օր պատրաստ է Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև կապ ապահովել, բայց Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորությունից, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք, հատեք ՀՀ սահմանը, գնացեք Նախիջևան՝ հենց այսօր։ Նախորդ տարվանից մենք ունենք սահմանապահ ու մաքսային կետ, մենք Ադրբեջանին ասել ենք՝ ցանկացած պահի այդ կետերը կարող են հատել ու կապ հաստատել Նախիջևանի հետ», - ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը կարող է մի քանի կետերով երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան։

«Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան ու մենք երաշխավորում ենք երթևեկության անվտանգությունը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Բայց միայն Ղազախով չէ, Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում էլ կարող ենք դա ապահովել, դա կարող ենք ապահովել Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում, Գորիսի հատվածում։ Ադրբեջանն այս ընթացքում ոչ մի անգամ չի օգտվել, չի էլ փորձել օգտվել, չկա դեպք, որ իրենք գան ու ասեն, որ ուզում են հատեն և մենք խոչընդոտենք, բայց էլի եմ ասում՝ դա պիտի լինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 65420անգամ
Վերջին լուրեր