Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Սեպտեմբեր / 2022 : 10-57

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը կալանավորվեց

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանը կալանավորվեց։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Ինչպես և ակնկալվում էր՝ դատարանը կատարեց իր առաքելությունը և կալանավորեց Միքայել Արզումանյանին։ Շոուն շարունակվում է…»,–գրել է նա։



Հիշեցնենք` օգոստոսի 30–ին հայտնի դարձավ, որ Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։

Ըստ ՔԿ-ի` քննչական ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Օգոստոսի 31–ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացավ և նա ազատ է արձակվեց, միաժամանակ հայտնի դարձավ, որ Արզումանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Արզումանյանը ՊԲ հրամանատար նշանակվեց 44-օրյա պատերազմի վերջին փուլում՝ 2020թ. հոկտեմբերի 27-ին` փոխարինելով Ջալալ Հարությունյանին, պաշտոնից ազատվեց 2021թ. սեպտեմբերին։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11771անգամ
Վերջին լուրեր