Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Մայիս / 2020 : 08-42

Տաքսիներում արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը. պարետի որոշումը

Մայիսի 17–ին ժամը 23։59–ից ուժի մեջ մտնող՝ սահմանափակումների փոփոխությամբ պարետի կողմից սահմանվել են մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեվորափոխադրումներ իրականացնողների համար կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման նպատակով անվտանգության կանոնները։

«1. Ընդհանուր կանոններ

1) Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորների փոխադրումների գործունեություն իրականացնող անձինք (լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձինք) (այսուհետ՝ Կազմակերպություն) նշանակում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատուն հանդիսանում է վերջինս) (այսուհետ՝ Պատասխանատու), որն ապահովում է՝ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենայի նորմերի պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը, առնվազն ախտահանումների և աշխատողների առողջական վիճակի մասին գրանցումների (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության) վարումը համապատասխան գրանցամատյանում:

2) Պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝

ա. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),

բ. 65 տարեկան և բարձր տարիքի անձինք,

գ. Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ , ուղեղային կաթված տարած),

դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:

3) Ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցում արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը:

4) Կազմակերպությունն ապահովում է աշխատողներին անհատական պաշտպանության միջոցներով՝ եռաշերտ դիմակներով ու ձեռնոցներով, միանգամյա օգտագործման անձեռոցիկով և ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչով:

5) Ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր ապահովվում են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով և մեկանգամյա օգտագործման թաց անձեռոցիկներով:

6) Կազմակերպությունն ապահովում է անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ աշխատակիցների և ուղևորների պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 15-ով սահմանված տեղեկատվական թերթիկի: Շահագործվող բոլոր ավտոտրանսպորտային միջոցներում ուղևորներին տեսանելի հատվածներում պարտադիր փակցվում են տեղեկատվական թերթիկներ։

2. Հավաքակայանների տարածքների կազմակերպումը

1) Ավտոտրանսպորտային միջոցների հավաքակայանների տարածքում բացառվում են մարդկանց կուտակումները։

2) Հավաքակայաններում առկա փակ տարածքները, սանհանգույցը, սննդի համար առանձնացված տարածքները, տարածքներում առկա նստարանները և ընդհանուր օգտագործման այլ գույքը ենթակա են ախտահանման առնվազն օրը 2 անգամ։

3) Ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

3. Ավտոտրանսպորտային միջոցների ախտահանումը

1) Ավտոտրանսպորտային միջոցները ենթարկվում են պարբերական խորքային ախտահանման:

2) Երկար տարածությունների և երկարատև՝ ավելի քան 3 ժամ տևողությամբ յուրաքանչյուր երթուղիների ընթացքում և ավարտին՝ ուղևորներին իջեցնելուց հետո, իրականացվում է սրահի օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների (միջքաղաքային ավտոբուսներում նաև ծալովի սեղանիկների, անվտանգության գոտիների ամրակների, անհատական կառավարման վահանակների (լուսավորության, օդափոխության, ուղեկցողին կանչելու և այլն), նստելատեղերի, անհատական տեսամոնիտորների պլաստմասե/մետաղյա/ կաշվե և այլ մասերի, սանհանգույցի առկայության դեպքում՝ նաև դրա կանխարգելիչ ախտահանում ախտահանիչ անձեռոցիկներով (կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով) շփման կամ ցողման եղանակով:

3) Յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվում է տրանսպորտային միջոցների եզրափակիչ ախտահանում մասնագիտացված կազմակերպությունների միջոցով՝ պայմանագրային հիմունքներով: Տրանսպորտային միջոցի սրահի և բոլոր աղտոտված գոտիների եզրափակիչ ախտահանման ժամանակ օգտագործվում են՝ մեկանգամյա պաշտպանիչ զգեստ, մեկանգամյա ձեռնոց, պաշտպանիչ դիմակ, պաշտպանիչ ակնոց կամ դեմքի վահանակ, փակ կոշիկ կամ բախիլներ՝ ցայտելու բարձր ռիսկի ժամանակ կամ կենսաբանական հեղուկներով խիստ աղտոտված մակերեսների ժամանակ, անջրանցիկ պարկեր թափոնների համար:

4) Մաքրման համար չի օգտագործվում սեղմված օդ և/կամ ջուր ճնշման տակ, ինչպես նաև այլ մեթոդներ, որոնք կարող են առաջացնել վարակիչ նյութի ցայտում կամ տարածում աէրոզոլի տեսքով: Փոշեկուլ օգտագործվում է միայն ճիշտ իրականացված ախտահանումից հետո:

5) Մաքրման և ախտահանման ավարտից հետո պաշտպանիչ հագուստը, կոշիկը, անհատական պաշտպանության միջոցները, մաքրման պարագաները հավաքվում են մակնշված բաքերի կամ պարկերի մեջ դրանց ախտահանումն իրականացնելու համար:

4. Վարորդների համար կանոններ

1) Իրականացվում է վարորդների ջերմաչափում հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով օրական առնվազն 2 անգամ, որոնցից մեկը՝ աշխատանքի ներկայանալիս: Վարվում է ջերմաչափման գրանցամատյան: Ջերմություն ունենալու դեպքում վարորդներին չի թույլատրվում դուրս գալ երթուղի, և այդ մասին անհապաղ տեղեկացվում է ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ` զանգահարելով 8003 համարով:

2) Վարորդները պարտադիր կրում են անհատական պաշտպանության միջոցներ՝ եռաշերտ պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ, որոնք փոխվում են 3 ժամը մեկ պարբերականությամբ։

3) Վարորդների հանգստի և սնվելու համար ապահովվում են առանձնացված տարածքներ՝ ապահովելով միմյանց միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն։

5. Ուղևորների համար կանոններ

1) Բացառվում է ուղևորների նստեցումն առանց անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ և ձեռնոց կրելու:

2) Երկարատև երթուղիների ժամանակ օգտագործվում է միայն անհատական տարաներով ջուր և մեկանգամյա սպասք: Իրականացվում է օգտագործված մեկանգամյա սպասքի, ինչպես նաև անհատական պաշտպանության միջոցների, դիմակների, ախտահանիչ անձեռոցիկների հավաքում մեկանգամյա օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ ծրարների/տոպրակների մեջ, որոնք աղբարկղի բացակայության դեպքում տեղավորվում են բեռնախցիկում՝ ժամանման վայրում հեռացնելու»:

Դիտվել է 37195անգամ
Վերջին լուրեր