23 / Սեպտեմբեր / 2022 : 09-40

Որտեղով է անցնում Ադրբեջանի համար ցանկալի «միջանցքը»


Hraparak-ը գրում է. Սեպտեմբերյան վերջին եռօրյա պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանական զինուժը կենտրոնացել էր հատկապես Ջերմուկի հատվածում, շատերի մոտ տպավորություն ստեղծվեց, որ Ադրբեջանն իր համար այդքան բաղձալի «Զանգեզուրի միջանցքին» ուզում է հասնել պատերազմով: Եվ դա փորձում է անել` կտրելով Հայաստանի «շնչափողը», Ջերմուկից ուղիղ գծով ճանապարհ բացելով դեպի Նախիջեւան։ Սակայն, բանակցային գործընթացին մոտ կանգնած մեր աղբյուրի վստահեցմամբ, Ադրբեջանի պահանջը եղել է եւ շարունակում է լինել Մեղրիով միջանցքը, նրան Ջերմուկից ձգվող ճանապարհը չի հետաքրքրում։ Ջերմուկի, Վարդենիսի, Սիսիանի հատվածներում հարձակումներն ընդամենը վախեցնելու, ճնշումներ գործադրելու իմաստ ունեն, որ եթե կամովին չեք տալիս մեր ուզածը, մենք ավելին կվերցնենք եւ՝ բոլոր հատվածներից:
Մեղրիով միջանցքը, որը թուրք-ադրբեջանական տանդեմը միջանցք կկոչի, իսկ Նիկոլ Փաշինյանը` ճանապարհ, որտեղ հեշտացված կամ արագացված ուղի կապահովվի թշնամու համար, կփորձեն ներկայացնել որպես Ռոբերտ Քոչարյանի ժամանակ բանակցված «Մեղրիի տարբերակ»:
Կհայտարարեն, թե դրա մասին բանակցել են դեռ 90-ականներին, եւ դա 1999-2000 թթ․ Քի Ուեսթում մշակված տարբերակն է: Ըստ դրա, Արցախի կարգավիճակի դիմաց հայկական կողմը վերադարձնում էր 5 շրջանները, Արցախը Լաչինի 20 կիլոմետր լայնքով՝ միջանցքով, միանում էր Հայաստանին, Ադրբեջանն Արաքսի ափով՝ Մեղրիի հատվածում, 8 մետր լայնությամբ սուվերեն անցումով կապ էր ստանում Նախիջեւանի հետ: Մեղրիով՝ Արաքսի ափով Ադրբեջանին տրվելիք միջանցքն ունենալու էր մոտ 40 կիլոմետր երկարություն եւ 8 մետր լայնություն, չէր դառնալու Ադրբեջանի սեփականությունը: Բայց Ադրբեջանն այդ միջանցքից օգտվելու համար Հայաստանին որեւէ հարկ տրանզիտի դիմաց չէր վճարում: Սկզբնական շրջանում քննարկվում էր 40 կիլոմետրանոց էստակադայով՝ կամրջով, Ադրբեջանն ու Նախիջեւանը միմյանց կապելու տարբերակը, սակայն այն թանկ էր ստացվում, ուստի առաջարկվեց 8 մետր լայնությամբ ճանապարհ կառուցել Արաքսի ափով, որը Մեղրիի շրջանում՝ բնակավայրերի հատվածներում, դառնալու էր էստակադա, ապա կրկին իջներ գետնի վրա: Սրանով նվազագույնի էր հասցվում Ադրբեջանից Նախիջեւան եւ հակառակ ուղղությամբ ընթացող ադրբեջանցիների եւ հայերի շփման հավանականությունը: Հայաստանն ու Իրանն ամբողջական ցամաքային կապ կպահեին Նռնաձորում, Ալվանքում, Մեղրիի կայարանամերձ հատվածում եւ Ագարակում` այնտեղ, որտեղ այսօրվա հայ-իրանական անցակետն է: Ամենակարեւորը` այս միջանցքը տալու էինք անկախ Արցախի կարգավիճակի դիմաց, դրան գումարած՝ Լաչինի ու Քարվաճառի շրջանները մնում էին մեր վերահսկողության տակ։
Մի նրբություն էլ. մեր աղբյուրներն ասում են, որ Ադրբեջանը լուրջ տարաձայնություններ եւ անհանգստություններ ունի Իրանի հետ կապված, եւ կարծում են, որ Իրանով անցնող ճանապարհը, որը նրան կապում է Նախիջեւանի հետ, մի օր կտրվելու է կամ փակվելու է, ուստի օր առաջ շտապում են, որ այլընտրանքային ուղի ունենան Մեղրիի տարածքով, եւ այդ ուղին անցնի համեստ ու խոնարհ հայերի տարածքով, որը երբեք սադրանքների չի գնա եւ իրենց ճանապարհը չի փակի, ի տարբերություն իրանցիների: Դա է պատճառը, որ տասնամյակներ շարունակ բարձրացնում են Մեղրիի ճանապարհի հարցը եւ ուզում են ամեն գնով հասնել դրա գործարկմանը:
Կարդացեք նաև՝

Թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Կուտականի հայկական դիրքերի ուղղությամբ. Թագուհի Թովմասյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Նյու Յորքում Արարատ Միրզոյանը և Ջո Բայդենը կարճ զրույց են ունեցել

Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Ջերմուկում դիմավորում են շրջափակման մեջ գտնված զինվորներին

Այլ նորություններ կարդացեք՝ Yelaket.am կայքում
Դիտվել է 242764անգամ
Վերջին լուրեր