Շատ մանրամասնորեն բացահայտված է, թե ինչ է տեղի ունեցել «Մարտի 1»-ին․ պետք է գնալ մինչև վերջ․ Փաշինյան

Այսօր հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանեց «Մարտի 1»-ի գործի վերաբերլալ իրեն ուղղված հարցին։
Վարչապետի խոսքով՝ հեշտ չէ տասը տարի թաքցված գործը երկու տարում բացահայտել:
Հարցերին, թե ի վերջո ո՞վ է սպանել 10 անմեղ զոհերին, գոհ է արդյո՞ք գործի քննության ընթացքից, վարչապետը պատասխանեց, որ շատ մանրամասնորեն բացահայտված է, թե ինչ է տեղի ունեցել «Մարտի 1»-ին: «Կրակված պարկուճները տարածքում փոխել է գործը քննող քննչական խմբի ղեկավարը, որը հիմա գտնվում է հետախուզման մեջ: Իրական կրակողների պարկուճները չկան, և մենք հնարավորություն չունենք այդ պարկուճներով նույնականացնել և փորձել այդ զենքերը գտնել: Ինչի՞, թող գա ասի՝ ինչ է արել այդ պարկուճները, գուցե հենց ինքը գիտի սպանության հեղինակների անուն-ազգանունները, և քննությունը պետք է շարունակվի»:
Վարչապետը ընդգծեց, որ պետք է ջանքեր գործադրենք այդ անձին Հայաստան վերադարձնելու և ձերբակալելու ուղղությամբ, որը հեշտ չէ, սակայն ըստ նրա՝ պետք է գնալ այդ ճանապարհով: «Մեծ հաշվով պարզ է՝ ովքեր են սպանությունն իրականացնող շրջանակներում, այո՛, պետք է գնալ մինչև վերջ, և այն անհատները, որոնք կրակել են, պետք է բացահայտվեն, բայց պարզ է, թե ովքեր են ապօրինի զինված խմբավորումներ ձևավորել և մտցրել ժողովրդի մեջ: Այսօր քրեական գործերը հարուցված են, մի մասը ուղարկված է դատարան»,- ասաց նա և հավելեց, որ ամենակարևոր ապացույցները կեղծված է հենց քննչական խմբի ղեկավարի կողմից, որը ըստ վարչապետի՝ չի արվել իր նախաձեռնությամբ: