16 / Մայիս / 2020 : 17-57

«Պաշտոնյայի ընտանիքի անդամի հաշվեհամար է հայտնաբերվել, որտեղ 28 մլն դոլար կար»․ Վարչապետի հայտարարությունը

 

Իսկ ո՞վ է ասում, որ բոլոր այն դեպքերում, երբ որ մարդիկ հեռանում են պաշտոնից, ես չեմ դա ուզում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսում ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, թե իրեն չի՞ անհանգստացնում տարբեր պաշտոնյաների հեռաալը համակարգից՝ հայտարարեց, որ շատ դեպքերում իրեն դա չի անհանգստացնում։

Լրագրողն իր հարցի մեջ մասնավորապես նշել էր վերջերս պաշտոններից ազատված Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավար Սմբատ Գոգյանի, ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանի, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի անունները։ «Իսկ ո՞վ է ասում, որ բոլոր այն դեպքերում, երբ որ մարդիկ հեռանում են, դա մենք, կամ ես չեմ ուզում, որ նրանք հեռանան։ Իրականում ես էդպիսի սովորություն ունեմ, այդ սովորությունը գուցե երբեմն օգտագործվում է իմ դեմ:

Ես, որպես կանոն, փորձում եմ այնպես անել, որ մարդկանց հեռացումը, աշխատանքից ազատումը լինի հնարավորինս արժանապատիվ այդ մարդու համար։ Առնվազն մի քանի դեպք է եղել, երբ որ դա փորձ է արվել օգտագործել, որ մենք այ սենց դեմարշ ենք արել եւ այլն»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ բոլոր այն դեպքերում, երբ կա անհանգստանալու կարիք, իրենց գործընկերներին ըստ անհրաժեշտության կհրավիրեն, կփորձեն լսել։ Ապա նաեւ ընդգծեց՝ դեպքերի մեծ մասում ինքը հակառակը՝ ուրախ է լինում նման զարգացման համար։

ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ հեղափոխությանը հաջորդող ժամանակահատվածում բյուջե են վերականգնել կոռուպցիոն հանցագործությունների գծով մոտ 105 միլիոն դոլար: Լրագրողներից մեկն այսօր հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ վարչապետն այդ թիվն է հրապարակվում, սակայն 2018 եւ 2019 թվականների գլխավոր դատախազության տարեկան հաղորդումների համադրումից ստացվում է, որ հանցագործությունների գծով վերականգնված գումարը մոտ 40 միլիարդ է, իսկ կոռուպցիոն հանցագործություններով վերականգնվածը՝ 5 միլիարդ:

Բացի այդ, ԱԱԾ-ն հայտարարել է, որ միայն այդ մարմինը կոռուպցիոն հանցագործություններով երկու տարվա ընթացքում վերականգնել է մոտ 26 միլիարդ դրամ: Պատասխանելով հարցին՝ վարչապետն ասաց, որ այդ անհամապատասխանությունն ունի շատ կոնկրետ բացատրություն: «Այո, պաշտոնական թվերով խոսքը 40 միլիարդի մասին է, որը 105 միլիոն դոլար չէ, այլ ավելի պակաս է, բայց իրականում վերականգնվել է ավելի քան 105 միլիոն դոլար»,- տեղեկացրեց Փաշինյանը՝ մանրամասնելով, որ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամար է հայտնաբերվել, որտեղ 28 միլիոն դոլար գումար կար: Փաշինյանն ասաց, որ ընթացակարգերի եւ այլ հանգամանքների բերումով այդ 28 միլիոն դոլարը, իր հիշելով նվիրաբերվել է Արցախի Հանրապետությանը:

«Այդ գումարն օգտագործվեց ռազմական, պաշտպանական, անվտանգային կարիքների համար: Այդ հատվածը չի վերականգնվել ընթացակարգերով, այլ պետությանն է վերադարձվել, Արցախի Հանրապետությանն է վերադարձվել այլ ընթացակարգով եւ այդ թվերի անհամապատասխանության միակ պատճառը դա է»,- ասաց վարչապետը:

Այնուհետեւ դիմելով տաղավարում կադրից դուրս գտնվող աշխատակիցներին՝ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այդ մասին առաջին անգա՞մ է հրապարակում։ Ստանալով դրական պատասխան՝ վարչապետը հավելեց․ «Փաստորեն սենսացիոն հայտարարությո՞ւն արեցի»։

Դիտվել է 24878անգամ
Վերջին լուրեր