Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Հոկտեմբեր / 2022 : 16-16

Մեր բոլոր գործողությունների հիմքում պետք է լինի պետությունը և պետական շահը. Նիկոլ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը շնորհավորել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին և բոլոր ծառայողներին մասնագիտական օրվա առթիվ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ արդեն 5 տարի այս օրն ինքն անպայման այցելում է ՔԿ ու ամեն անգամ փորձում պատասխան գտնել այն հարցին, իսկ ի՞նչ է փոխվել այս ընթացքում, դեպի ո՞ւր են ուղղված և ի՞նչ վեկտոր ունեն այն փոփոխությունները, որ տեղի են ունենում:

«Ընդհանրապես, սա շատ կարևոր թեմա է, որովհետև երբեմն նաև գլոբալ իրադարձության բերումով մենք ժամանակ, տրամադրություն, ցանկություն չենք ունենում կանգ առնելու և գույքագրելու, իսկ ի՞նչ է փոխվել, իսկ ինչպիսի՞ն են այդ փոփոխությունները, ինչպիսի՞ն է այդ փոփոխությունների գնահատականը:

Ուզում եմ մի քանի արձանագրում անել, որոնք, ճիշտն ասած, իրականում զգացական մակարդակի են, հույս ունեմ, որ իմ այս հայտարարություններից հետո հնարավոր քննարկումների, բանավեճերի ընթացքում նաև էմպիրիկ եղանակով հնարավոր կլինի պարզել, թե ինչքանով են այդ զգացական պնդումները նաև առարկայական: Իսկ ես զգում և տեսնում եմ, որ օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես, Քննչական կոմիտեի պատասխանատվության ոլորտում, ըստ էության, նախաքննության առյուծի բաժինը՝ 90 և ավելի տոկոսը, 2023 թվականի հունվարի 1-ից ավելի մեծ հատվածը կլինի Քննչական կոմիտեի պատասխանատվության տիրույթում: Մտածում եմ, որ Հայաստանում, ներողություն այդ բառի արտահայտության համար, «գործ սարքելու» ինստիտուտը կամ վերացել է, կամ վերացման եզրին է, կամ մենք գնում ենք այդ ճանապարհով, կամ շատ մեծ առաջընթաց ենք արձանագրել այդ ճանապարհին, որպեսզի այդ «ինստիտուտն» ընդհանրապես ՀՀ-ում գոյություն չունենա: Սա ինքնին տրամաբանական և ինքնին ենթադրելի մի երևույթ է՝ ցանկացած իրեն հարգող պետության մեջ:
Բայց նաև պետք է արձանագրել, որ մենք շատ սկզբունքային ենք այս ճանապարհով ընթանալիս, և այսօր Հայաստանում նախաքննության գործընթացում փաստն առանցք է, հենասյուն է, և աշխատանքը տեղի է ունենում փաստի հետ, փաստի շուրջ: Սա շատ պարզ, գուցե մասնագիտության համար նույնիսկ ավելորդ արձանագրում է, բայց կարծում եմ, որ այս արձանագրումը պետք է անենք:

Հաջորդ արձանագրումը, որ ուզում եմ անել և իմ զգացողությունն ու դիտարկումը դա է ցույց տալիս, հետևյալն է. մեր երկրում նախաքննությունը դառնում է ավելի ու ավելի սկզբունքային, որը նախորդ կետերից բխող է: Սա նույնպես չափազանց կարևոր է և պիտի ընդգծեմ նաև, որ սկզբունքային քննություն չի նշանակում, կրկին կներեք այդ բառի համար, քառակուսի քննություն, որովհետև երբեմն քննության ընթացքում և արդյունքում լինում են կոմպրոմիսներ: Բայց ուզում եմ ընդգծել, որ դրանք կոմպրոմիսներ են, որոնք նախատեսված են օրենքով: Սա շատ կարևոր է, իրավական են, օրինական են և այդ կոմպրոմիսների թերևս միակ նպատակը պետության և հանրության շահերի պաշտպանությունն է:

Այս առումով, նաև ուզում եմ ընդգծել, որ Քննչական կոմիտեի գործունեության, նախաքննության որակի փոփոխության արդյունքում նաև պետությանը և հանրությանը հասցված վնասների վերականգնման ակտիվ գործընթացն է շատ կարևոր: Իհարկե, մենք այս հարցը փորձում ենք լուծել ավելի գլոբալ ինստիտուցիոնալ ներդրումների, բարեփոխումների միջոցով, բայց այս հանգամանքը նույնպես կուզեի ընդգծել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հավելել է, որ նոր շերտեր են բացում 44-օրա պատերազմի հետ կապված գործերի քննությունները:

«Եթե կա սովորական նախաքննություն, որի արդյունքները և նպատակները սովորաբար իրավակարգի, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության պահպանումն է, 44-օրյա պատերազմի հետ կապված նախաքննությունը, ենթադրում եմ, պիտի ևս մի շերտ ավելացնի այս գործընթացին, որ իրականում սովորական պայմաններում Քննչական կոմիտեի և նախաքննության հետ որևէ կապ չի ունեցել, կամ առնվազն այդ դիտանկյունին հաճախ չէ, որ որևէ ուշադրություն ենք դարձրել:

Այդ գործերը կարևոր են ինքներս մեզ ճանաչելու, մեր խնդիրները ճանաչելու, ընդհուպ մեր սոցիալ-հոգեբանական ոլորտի շերտերի մեջ խորամուխ լինելու, ընդհուպ մեր պետության հիմունքների և տեսությանն առերեսվելու և առնչվելու առումով: Եվ հենց այստեղ է, որ քննությունը, որ ասացի, պետք է շատ ավելի սկզբունքային լինի, որովհետև այս գործերի քննությունը մեր պետության հետագա զարգացման վրա ունենալու է առանցքային և անկյունաքարային նշանակություն, որովհետև մեր երկիրն ակնհայտորեն գտնվում է կարևորագույն մի հանգրվանում, կարևորագույն խաչմերուկում:
Ընդհանրապես, այս գործերի նախաքննության մեջ այդպիսի մի շերտ էլ կա, որին մենք առնչվում ենք միայն, այսպես ասած, աղմկոտ գործերի հետ: Դա շատ կարևոր է, որովհետև նախաքննությունը, մեծ հաշվով միայն քրեական գործերի քննությունը շատ մեծ տեղեկություն է տալիս մեր մասին, մեր հանրային հարաբերությունների մասին, պետություն-հանրություն հարաբերությունների մասին, պետության և հանրության հարաբերությունների, շահերի, նրբությունների և որակի մասին, և սա նույնպես շատ կարևոր գործառույթ է և ուրախությամբ պիտի ընդգծեմ, որ մենք հասել ենք այսպիսի շերտերի: Դա իհարկե կախված է իմ առաջին մասում ասվածի հետ: Երբ կա սկզբունքային քննություն, երբ կա վճռականություն՝ գնալ փաստերի հետևից մինչև վերջ, այդ փաստերի հետևից գնալու ճանապարհին մենք լրացուցիչ, գուցե մեզ համար անսպասելի բացահայտումներ ենք անում ինքներս մեր մասին, մեր պատմության մասին, մեր պետական ինստիտուտների գործունեության մասին, մեր պետության հիմունքների տեսությունների մասին: Եվ ես ուզում եմ այսօր ընդգծումն անել:

Ընդհանուր առմամբ պիտի, այո, ասեմ և սրանում ավելի շատ եմ համոզված, որ մենք տեսնում ենք Քննչական կոմիտեի աշխատանքի որակի շարունակական փոփոխություն: Սա կարևոր պրոցես է, որ պետք է տեղի ունենա միշտ: Ես երբեք չեմ ասել և չեմ ասի, որովհետև դա ճիշտ չի լինի, որ Քննչական կոմիտեի կամ որևէ պետական մարմնի աշխատանքը ենթադրենք զրոյից հասել է ինչ-որ մի կետի: Ոչ, այդպիսի բան ասելը ի բնե սխալ է, բայց շատ կարևոր է, որպեսզի մենք մեր աշխատանքում, մեր պետության բոլոր օղակներն ամեն օր ավելի որակյալ աշխատանքի ամբիցիա ունենանք: Իհարկե, սա կախված է բազմաթիվ իրողությունների հետ, մանավանդ ձեր դեպքում՝ օրենքի, ինչպես իրավաբանները սիրում են ասել, իրավական որոշակիությունը շատ կարևոր է:
Օրենսդրական փոփոխություննեը, ինչպես նշեց Քննչական կոմիտեի նախագահը, ոլորտում հսկայական են: Քրեական դատավարության նոր օրենսգիրք է ընդունվել, որն իր հետ բերում է նաև նոր մարտահրավերներ, որովհետև ցանկացած նոր օրենք պետք է ադապտացվի, համակարգերը նաև կարողանան կիրառությունը դարձնել հնարավորինս սահուն: Այս առումով՝ մեզ համար կարևոր է նաև, որ, ընդհանրապես, պետական համակարգի աշխատողները, Քննչական կոմիտեի աշխատողներն ունենան սոցիալական երաշխիքների ամուր համակարգ: Սա մեր հավատն է:

Գիտեք, ես շարունակաբար դա եմ ասում, որ սոցիալական այնպիսի իրավիճակում գտնվող երկրներում, երբ, օրինակ, դատական համակարգում, քննչական համակարգում աշխատավարձերի, սոցիալական երաշխիքների փոփոխությունների խնդիր է դրվում, սովորաբար լայն հանրության արձագանքը լինում է հետևյալը, որ էլի, այսպես ասած, փոխարենը սոցիալական անապահով խավի խնդիրները լուծվեն, լուծվում են, այսպես ասած, պայմանական ասած, վերնախավի խնդիրները: Բայց իմ համոզմունքը գնալով խորանում է, որ նման փոփոխություններ մենք անում ենք ոչ թե հենց աշխատավարձի շահառուների, այլ հենց այդ քաղաքացիների համար, մարդկանց համար, որովհետև, ի վերջո, որակյալ կամ անորակ նախաքննությունն իր հետ բերում է քաղաքացիների իրավունքների պաշտպանության ավելի լավ կամ ավելի վատ որակ:
Մենք այս գիտակցությունն անընդհատ պետք է մեր հանրության շրջանում սերմանենք, որ պետական ծառայողը պետք է պատշաճ վարձատրություն ունենա, որովհետև պետական ծառայողը ծառայություն է մատուցում քաղաքացուն: Մեծ հաշվով՝ նախաքննությունը ծառայության մատուցում է: Այդ ծառայության առաջին շահառուն պետությունն ու քաղաքացիներն են: Կարող է տարօրինակ հնչել, բայց մեղադրյալին էլ պետք է որակյալ այդ ծառայությունը մատուցել, որովհետև մեղադրյալը իրավունքներից չի զրկվել, տուժողին և այդպես շարունակ: Հետևաբար՝ մենք այս գործընթացում պետք է սկզբունքային լինենք, և ինչքան որակյալ լինեն այս ծառայությունները, մեր փորձը դա է ցույց տվել, այնքան ավելի մեծ կլինեն պետական եկամուտները, որովհետև վերջին տարիներին մենք միլիարդներով պետական բյուջեի եկամուտներն ավելացրել ենք: Ինչի՞ արդյունքում: Նաև իմ այս նշած գործոնների արդյունքում:

Մենք ինչքան ուժեղացնենք պետական ծառայության սոցիալական երաշխիքների համակարգը, այնքան ավելի արդար սոցիալական միջավայր կունենանք, այնքան ավելի խոցելի խավերին կկարողանանք որակյալ ծառայություն մատուցել, որովհետև մեր աշխատանքն, ի վերջո, պարփակվում է պետություն-քաղաքացի-իրավակարգ-իրավունք-արդարություն եզրույթների մեջ: Ընդհանրապես, ընդունված է ասել, դասական տրամաբանությամբ այդպես է ասվում, որ պետությունը բռնության գործիք է, բայց մեր ընկալմամբ, պետությունն արդարության գործիք է: Որքան պետությունում կայացած է իրավակարգը, այնքան հաստատված է օրենքի առաջ հավասարության ինստիտուտը, որքան բարձր է նախաքննության որակը, որքան զարգացած է դատաիրավական համակարգը, այնքան մենք ունենք արդար պետություն: Սա մեր նպատակադրումն է՝ կառուցել մի միջավայր, որտեղ մարդիկ կարողանում են ապրել, ստեղծագործել, լինել երջանիկ և լինել ազատ:

Գիտեք, կարող է նաև թվալ, թե այս իմ նպատակադրումները և շեշտադրումներն ամենապատեհը չեն ընթացիկ ժամանակաշրջանի համար, մեր շուրջ տեղի ունեցող, բոլորիս հայտնի, անվտանգային մարտահրավերների պայմաններում, բայց ես հակառակն եմ կարծում, որ հատկապես նման իրավիճակներում մենք պետք է նման թեմաների անդրադառնանք, որպեսզի մեր ուղենիշները և նպատակադրումները ճիշտ ձևակերպենք: Որովեհտև այդ ռազմավարական նպատակներից, դրանց ձևակերպումից և արձանագրումից են կախված այն որոշումները, որոնք մենք այսօր կկայացնենք, ավելի ճիշտ՝ այդ որոշումների գնահատականը. Ճի՞շտ որոշում կայացրինք, թե՞ սխալ:

Ընդհանրապես՝ մեծ հաշվով, եթե մի քիչ էլ չափազանցնեք, ճիշտ և սխալ որոշում չկա: Կամ ավելի ճիշտ՝ ճիշտ և սխալ որոշումները գնահատվում են ըստ այն ռազմավարական հեռանկարային նպատակադրման, որ դու քո առաջ դնում ես: Այսինքն՝ որոշումը ինչ-որ ուղղությամբ գնալու որոշում է: Հետևաբար, ինչպե՞ս որոշել՝ տվյալ որոշումը ճիշտ է, թե սխալ: Կախված է նրանից, թե դու դեպի ուր ես ուզում գնալ, որովհետև եթե մի ուղղությամբ ես ուզում գնալ՝ կախված հեռանկարի կամ ռազմավարական նպատակի ընտրությունից, կարող է նույն որոշումը լինել ճիշտ կամ սխալ: Սա կարևոր արձանագրում է:

Մենք, գիտեք, պիտի արձանագրենք և ես վերջին շրջանում դրա մասին ավելի ու ավելի հաճախ եմ խոսում, իսկ ավելի ու ավելի հաճախ խոսում եմ, որովհետև ձևավորվել է ինձ համար համոզմունք դրա վերաբերյալ, որ մեր բոլոր գործողությունների հիմքում պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, պետությունը և պետական շահը, որովհետև պետական շահն այն բանաձևն է, որը ձևավորված է բոլոր հնարավոր շահերի հավաքագրումից՝ և՛ քաղաքացու, և՛ ժողովրդի, և՛ ինքնության, և՛ անցյալի, և՛ ապագայի: Ես կուզենայի, որ մենք կենտրոնանանք այս ուղղության, Հայաստանի Հարապետությունն ավելի ու ավելի կոնկրետ քաղաքական, պետական, միջազգային ինստիտուտ դարձնելու խնդրի վրա և այս հենքի վրա ապահովենք մեր պետության հարատևությունը: Այս իմաստով՝ կարևոր է մեր բոլոր պետական ինստիտուտների արդյունավետ աշխատանքը, այն սոցիալ-հոգեբանական կարգաբերումը, որով մենք աշխատում ենք:
Շատ կարևոր արձանագրում է, որ մենք պետք է չզլանանք ամեն օր սովորել: Բայց մենք պետք է չզլանանք ամեն օր սովորել մեր հաջողությունների, անհաջողությունների վրա և մենք պետք է լցված լինենք վճռականությամբ, որ Հայաստանի Հանրապետության հազարամյա ճակատագրի պատասխանատվություն է այսօր մեր ուսերին դրված: Մենք պետք է ուժ տանք իրար, որ այս պատասխանատու ճանապարհին մեր ծնկները չծալվեն: Համոզված եմ, որ մենք հստակ քայլերով կգնանք առաջ: Դրա համար մի բան է պետք է որոշել՝ հստակ ձևակերպել խնդիրը, թե մենք ինչ ենք ուզում: Իսկ մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի հզոր, ազատ, խաղաղ և երջանիկ պետություն:

Քննչական կոմիտեի հարգելի ծառայողներ, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել մասնագիտական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար վարչապետը Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրել Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Ազատ Գևորգյանին, ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Հովհաննիսյանին:

Նիկոլ Փաշինյանը ՔԿ մի խումբ ծառայողների պարգևատրել է նաև ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Դիտվել է 18733անգամ
Վերջին լուրեր