12 / Հոկտեմբեր / 2022 : 15-19

Այս անգամ էլ ադրբեջանական զինուժը տեսանկարահանում է իր պատերազմական հանցագործության փաստը․ Պաշտպանը հայ ռազմագերիների սպանության նոր տեսանյութի վերաբերյալ

Պաշտպանի հայտարարությունը ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանության նոր տեսանյութի վերաբերյալ

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ադրբեջանական սոցիալական ցանցի տիրույթում տարածված տեսանյութը պատկերում է անզեն հայ ռազմագերիների խոշտանգման հերթական դեպքը՝ հիմնավորելով այդ ռազմագերիներին հաջորդիվ սպանելու փաստը։


Այս անգամ էլ ադրբեջանական զինուժը տեսանկարահանում է իր պատերազմական հանցագործության փաստը։ Պաշտպանի հաստատությունը տեղորոշել է վայրը, հաստատում ենք, որ տեսանյութի իրադարձությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ին Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական զինուժի հարձակման ընթացքում։


Տեսանյութում պատկերված հայ ռազմագերիները նույնականացված են։ Այս փաստերն ի թիվս այլ ապացույցների՝ հաստատվում են սույն թվականի հոկտեմբերի 4-ին հայրենադարձված հայ ռազմագերիների վկայություններով։


Նշված փաստերը մանրամասներով փաստաթղթավորվել են և կուղարկվեն միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու դերակատարներին։

Պաշտպանն արձանագրում է, որ ադրբեջանական զինծառայողների կողմից իրականացված ծանր հանցանքները շարունակում են մնալ անարձագանք, իսկ անպատժելիությունը նրանց քաջալերում է նոր ու ավելի ծանր հանցանքներ գործելու համար։ Այս արարքները պետք է հստակորեն դատապարտվեն միջազգային իրավասու դերակատարների կողմից։

Միջազգային հանրությունը պետք է առավել հետևողականորեն պահանջի ադրբեջանական իշխանություններից պատշաճ քննություն իրականացնել և հանցագործներին ու կազմակերպիչներին մեդալներով զարդարելու փոխարեն պատժել նրանց։


ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյան
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 49129անգամ
Վերջին լուրեր