Փորձել էին գողանալ «Գազպրոմ Արմենիա» ընկերության խողովակները
Մայիսի 14-ին ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ Հրազդան-Զովաբեր ճանապարհին խողովակներ են ապամոնտաժվում։
Նշված վայրում ոստիկանության օպերատիվ խումբը հայտնաբերեց մի քանի անձանց, որոնք զոդման միջոցով ապամոնտաժում էին 500 մմ տրամաչափի խողովակներ։
Նշված անձինք կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին, իսկ դեպքի վայրում գտնվող նրանց մեքենան, վերամբարձ կռունկն ու տրակտորը տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Բերման ենթարկվածներից մեկը խոստովանել է, որ խողովակներն ապամոնտաժելու համար չունի որևէ թույլտվություն, ցանկացել է դրանք հափշտակել, սակայն գործն ավարտին չի հասցրել՝ բռնվել է։
Ոստիկանները պարզել են, որ խողովակները պատկանում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: