Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Հունվար / 2023 : 10-41

Ադրբեջանի «հաղթանակի» ընթրիքին մասնակցած ֆրանսիացի պատգամավորը՝ Երեւան ժամանած պատվիրակության կազմում. «Հետք»


Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի պատվիրակության կազմում ընդգրկված է պատգամավոր Անն Ժենետեն, որին Ֆրանսիայի հայկական շրջանակները եւ Ֆրանսիայի հայամետ քաղաքական գործիչները քննադատում են Ադրբեջանի հետ կապերի մեջ։ Այս մասին հաղորդում է «Հետքը»։

Ժենետեն Ֆրանսիայի 11-րդ ընտրատարածքի պատգամավոր է, ներկայացնում է Ֆրանսիայից դուրս ապրող ֆրանսիացիներին 49 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։


2021 թվականի նոյեմբերի 13-17-ը Անն Ժենետեի այցը Երեւան, «Հայաստան-Ֆրանսիա» բարեկամության խմբի կազմում, չեղարկվեց մի սկանդալի պատճառով։ Այցից օրեր առաջ՝ նոյեմբերի 9-ին, երբ Հայաստանը սգում էր 44-օրյա պատերազմում կորցրած զավակների հիշատակը, Փարիզում Ադրբեջանի դեսպանությունը ընթրիք-բանավեճ էր կազմակերպել ֆրանսիացի քաղաքական գործիչների եւ գործարարների համար՝ նվիրված «Ղարաբաղի ազատագրման 1-ին տարեդարձին»։ Դեսպանատան ֆեյսբուքյան էջում ընթրիքի մասին գրառումն ուղեկցվում է «Հաղթանակի օր», «Ղարաբաղն Ադրբեջան է» հեշթեգով։

«Ղարաբաղը խաղաղության ժամին. հույսեր եւ մարտահրավերներ. ի՞նչ դեր ունի Ֆրանսիան» խորագրով ընթրիքին մասնակցում էր նաեւ Անն Ժենետեն։ Նա Թվիթերում լուսանկար էր հրապարակել՝ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի կողքին եւ գրել, որ Ֆրանսիան պետք է գործի հանուն խաղաղության, եւ խորհրդարանական դիվանագիտությունը կարող է նպաստել դրան։

Ժենետեի այս գրառումը հրապարակային լուրջ քննադատության արժանացավ, որի արդյունքում 2021-ի նոյեմբերի 11-ին նա հայտարարեց իր ճանապարհորդության հետաձգման մասին եւ տարածեց հետեւյալ հաղորդագրությունը.

«Ինձ՝ որպես Ֆրանսիայից դուրս ապրող ֆրանսիացիների 11-րդ ընտրատարածքի պատգամավորի, որն ընդգրկում է 49 երկիր, այդ թվում՝ Հայաստանը եւ Ադրբեջանը, պարբերաբար կոչ են անում երկկողմ շփումներ ունենալ՝ հուսալով, որ կկարողանամ բազմակողմ շփումների հնարավորություն ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ ...

Երեքշաբթի՝ նոյեմբերի 9-ին, Ազգային ժողովի տարբեր քաղաքական խմբերի պատգամավորների հետ Ադրբեջանի դեսպանատան հրավերով մասնակցեցի ընթրիք-բանավեճի։ «Ղարաբաղը խաղաղության ժամին. հույսեր եւ մարտահրավերներ». ո՞րն է Ֆրանսիայի դերը» խորագրով այս ընթրիքին իմ մասնակցությունը ճիշտ չընկալվեց Հայաստանում մեր ֆրանսիական համայնքի շրջանակներում եւ հայ քաղաքական եւ ինստիտուցիոնալ աշխարհում: Ես խորապես ափսոսում եմ այս իրավիճակի համար, ես ոչ մի տարեդարձ չեմ նշել։

Պահպանելով հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ ես խորհրդարանական մակարդակով ցանկանում եմ մասնակցել երկխոսության եւ խաղաղության հաստատման գործընթացին՝ հանուն խաղաղության։ Ես ծրագրել էի նոյեմբերի 13-ից 17-ը մեկնել Հայաստան ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակության հետ՝ ավելի լավ հասկանալու իրավիճակը եւ այն անմիջականորեն քննարկելու տեղական իշխանությունների, ինչպես նաեւ Հայաստանում ապրող ֆրանսիացիների հետ: Մինչ օրս ես Ադրբեջանում չեմ եղել։
Խորհրդարանականի իմ դերը ոչ թե որեւէ մեկին կողմ լինելն է, այլ իրավիճակը հասկանալն ու կամուրջներ կառուցելը […] Որպես այդպիսին, ինձ համար, իհարկե, կարեւոր է, որ կարողանամ մեկնել այս երկրներ եւ հանդիպել ֆրանսիական համայնքների եւ տեղական իշխանությունների հետ»։

Այս միջադեպից մեկ տարի անց՝ 2022-ի հունիսին «Le Courrier d'Erevan»-ին տված հարցազրույցում Անն Ժենետեն ընդունել է իր սխալը՝ հայերի համար վշտալի այդ օրը Ադրբեջանի հրավերն ընդունելը եւ ներողություն խնդրել հայերին վիրավորելու համար։
«Հետքը» պարզաբանում խնդրեց Հայաստանի Ազգային ժողովից՝ ինչպես է Անն Ժենետեն ընդգրկվել պատվիրակության կազմում, եւ ինչ դիրքորոշում ունի խորհրդարանի խոսնակը, որի հրավերով պատգամավորները ժամանել են Հայաստան։

ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց, որ նախ՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահի բացառիկ իրավունքն է իր պատվիրակության կազմը որոշելը, եւ որ իրենք տեղյակ չեն եղել Ժենետեի անվան հետ կապված պատմությանը, սակայն պատգամավորի գործունեությունը, ընդհանուր առմամբ, «գնահատում են հայանպաստ, քանի որ վերջինս ոչ միայն կողմ է քվեարկել Ֆրանսիայի խորհրդարանի՝ Հայաստանին աջակցող եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւին, այլեւ այն հեղինակողներից է։ Այսօր էլ պատգամավորը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին եւ այցելել Ցեղասպանության թանգարան»։
Դիտվել է 36190անգամ
Վերջին լուրեր