Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Մայիս / 2020 : 10-30

Տիգրան Ավինյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումի օնլայն հանդիպմանը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մայիսի 18-ին մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային խմբի օնլայն հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված կառավարությունների և բիզնեսների ռազմավարությունները, գլոբալ և տարածաշրջանային արժեշղթաներում առկա մարտահրավերները և հնարավոր լուծումները:

Իր խոսքում փոխվարչապետը նշել է, որ բոլոր երկրները դիմագրավում են հանրային առողջության ճգնաժամի և կորոնավիրուսը դեռևս երկար ժամանակ խնդիր է լինելու: Ներկայացնելով ճգնաժամը հաղթահարելու Հայաստանի ռազմավարությունը՝ նա նշել է, որ մտցված սահմանափակումների ռեժիմը հնարավորություն է տվել ժամանակ շահել և ադապտացվել իրավիճակին, մեծացնել առողջապահական համակարգի կարողությունները: Հաջորդիվ, կառավարությունը անհրաժեշտ նախապատրաստություններից հետո մեղմացրել է սահմանափակումները՝ միաժամանակ սահմանելով նոր իրավիճակում տնտեսության ու հասարակության վարքագծի ու գործունեության պարտադիր կանոններ և ուղենիշներ:

Տիգրան Ավինյանն ասել է, որ ճգնաժամային այս շրջանը նաև խթան է կարևոր բարեփոխումներ իրականացնելու համար, հատկապես թվայնացման ոլորտում: Նա անդրադարձել է թվային տնտեսության, թվային կառավարման ու թվային հասարակության հետագա զարգացման հնարավորություններին և համառոտակի պատմել մեր երկրի փորձի մասին:

Դիտվել է 5802անգամ
Վերջին լուրեր