Երևանի N49 մանկապարտեզն այսօր չի բացվել. աշխատակիցներից մեկը ջերմություն է ունեցել, բոլորը կորոնավիրուսի թեստ են հանձնել
Երեւանի Նորաշեն թաղամասի թիվ 49 մանկապարտեզն այսօր իր դռները չի բացել երեխաների առաջ: Վերաբացման նախապատրաստական աշխատանքների ժամանակ աշխատողներից մեկի ջերմությունը բարձր է եղել: Դա արձանագրելուց հետո որոշվում է կայացվել թեստավորել ողջ անձնակազմին՝ կորոնավիրուսի վարակի առկայությունը հաստատելու կամ հերքելու համար:
«Թեստերի պատասխանները դեռ չկան»,- «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ նշեց Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գեւորգյանը: Նա ընդգծեց, որ մանկապարտեզի վերաբացման հետ կապված քննարկումներ կսկսեն, երբ ստանան թեստերի պատասխանները:
Կորոնավիրուսի առկայությունը հաստատվելու պարագայում, բնականաբար, անհրաժեշտ կլինի ձեռնարկել անվտանգության մի շարք միջոցառումներ, մանկապարտեզի վերաբացումը, թերեւս շուտ չի լինի: «Բայց հուսանք, որ թեստի պատասխանը դրական չի լինի, եւ մանկապարտեզն այդ պարագայում շուտով կշարունակի իր գործունեությունը:
Ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող, դա մեզանից կախված հարց չէ, բժշկական-մասնագիտական հարց է, որ Առողջապահության նախարարությունն է որոշում»,- նշեց Գեւորգյանը: