26 / Մայիս / 2020 : 19-43

Չի բացառվում, որ ամբողջ հանրապետությունում կրկին կարանտինային ռեժիմ հայտարարվի. Տիգրան Ավինյան

 

Այսօրվանից սկսած՝ ՀՀ վարչապետ Փաշինյանը պարետատան նիստերից հետո պարբերաբար հանդես է գալու ճեպազրույցով: Այսօրվա ճեպազրույցին մասնակցում են նաև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:  Ճեպազրույցը նվիրված է կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ պարետատան քայլերին, առողջապահական համակարգի վերազինմանը և այլն:

Ավինյանը  ընդգծեց, որ անցել են ապակենտրոն պայքարի մոդելին։

«Այսօր պարետատան նիստում քննարկեցինք և չբացառեցինք որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը, որոշ համայքներում նմանատիպ ռեժիմ սահմանվել է» ,- ճեպազրույցի ժամանակ հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը։

Ավինյանը հիշեցրեց, որ առանձին համայնքներում կարանտինային ռեժիմ է հաստատվել, սակայն ամեն ջանք գործադրվելու է, որպեսզի հանրապետության մակարդակով նման որոշում չլինի, ինչի համար պետք է կարգապահություն դրսևորել. «Վարչական առումով լինելու են խստացումներ: Մեր սիրելի հայրենակիցներին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ խստացումներին:

Կարծում եմ, որ ընդհանուր կանոնների պահպանման մեր պարտաճանաչությունը թույլ կտա նվազեցնել վարակի տարածման թվերը, ինչը թույլ կտա առողջապահական համակարգին սպասարկել հիվանդներին»:

Ինչ վերաբերում է վարակի տարածման մարմանը, Ավինյանը նշեց, որ այդ մասին որևէ երկիր դեռ չի խոսում, այն դեռ մնալու է մեզ հետ, հետևաբար պետք է անել այնպես, որ առողջապահական համակարգը կարողանա բավարարել պահանջները:

Քննարկվել է նաև մասնավոր լաբորատորիաների կողմից թեստավորման հարցը:

 

Դիտվել է 200284անգամ
Վերջին լուրեր