30 / Մայիս / 2020 : 11-54

Դատախազությունը պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը

 

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ։

«Բազմաթիվ լրատվամիջոցներ դիմել են դիրքորոշում հայտնելու ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի` 2020թ. մայիսի 29-ին կազմված և հրապարակաված խորհրդատվական կարծիքի վերաբերյալ: Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպաննելը տարակուսելի արագությամբ, չսպասելով այդ խորհրդատվական կարծիքի հրապարակմանը և պաշտոնական թարգմանությանը, շտապեցին դրա վերաբերյալ հանդես գալ խիստ միակողմանի, ըստ էության մանիպուլյատիվ մեկնաբանություններով՝ հերթական անգամ փորձելով զոնդաժի ենթարկել հանրային կարծիքը, ստիպված ենք անհրաժեշտաբար հանդես գալ հակիրճ և ընդհանրական պարզաբանումներով՝ հիմնվելով ՄԻԵԴ պաշտոնական կայքում առկա հաղորդագրության և դրա ոչ պաշտոնական թարգմանության վրա:

ՀՀ Սահմանադրական դատարանը 2019թ. հուլիսի 18-ի ՍԴԱՈ-82 աշխատակարգային որոշմամբ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 16-րդ արձանագրության 1-ին հոդվածի հիման վրա` խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր ՄԻԵԴ` առաջադրելով 4 հարց (պարզաբանումը չծանրաբեռնելու և արդեն իսկ հրապարակված լինելու պատճառով դրանք չեն նշվի):

ՄԻԵԴ Մեծ պալատն այդ հարցերի կապակցությամբ խորհրդատվական կարծիքում քննարկման ենթական հարցի և կոնկրետ գործի հանգամանքների միջև տրամաբանական կապի բացակայության պատճառաբանությամբ` միաձայն ընդունել է, որ չի կարող պատասխանել առաջին երկու հարցերին։

Ինչ վերաբերում է բարձրացված երրորդ հարցին, ապա ՄԻԵԴ-ը գտել է, որ այնպիսի իրավադրույթը, որն օգտագործում է ընդհանուր հղում (blanket reference) կամ «օրենսդրություն հղումով» տեխնիկան՝ գործողությունները կամ զանցանքները քրեականացնելու համար, ինքնին Հոդված 7-ի հետ անհամադրելի չէ։ Դրույթը, որին հղում է կատարվում, համատեղ ընթերցմամբ պետք է հնարավորություն տան անհատներին, եթե անհրաժեշտ է, իրավական խորհրդատվության օգնությամբ, կանխատեսել, թե ինչ վարքագիծը կբերի քրեական պատասխանատվության։

Դիտվել է 14863անգամ
Վերջին լուրեր