Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ վիրավորական գրառում կատարելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է
Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ վիրավորական գրառում կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մայիսի 27-ին մերժվել է:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Նրա փոխանցմամբ՝ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք՝ մայիսի 19-ին shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ Ռեւազյանի եւ նրա նորածին դստեր հասցեին վիրավորանքներ, ընդհուպ մինչեւ հայհոյանքներ հնչեցնելով: Գրառմանն անմիջապես արձագանքել էին հասարակական-քաղաքական գործիչներ՝ դատապարտելով կնոջ եւ մանկահասակ երեխայի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքը:
Դատապարտող հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ գրառումը որակելով բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական: Մայիսի 23-ին էլ Խաչատրյանը բերման էր ենթարկվել Ոստիկանություն, բացատրություն տվել, ապա՝ ազատ արձակվել: