02 / Հունիս / 2020 : 20-08

Մեր իշխանության ծագումնաբանությունը այս իրավիճակում աշխատում է մեր դեմ. Փաշինյան

Նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է ահագնանալ, ցավոք սրտի: Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ մենք արձանագրել ենք 517 նոր դեպք, և հիմնական հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ ինչո՞ւ է այս ամենը մեզ հետ տեղի ունենում: Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մեր հիմնական պրոբլեմը հակահամաճարակային կանոնների պահպանումն է և այդ կանոնների պահպանման որակը, և մենք ունենք համոզվածություն, որ այդ կանոնների պահպանումը կբերի կորոնավիրուսով դեպքերի թվի անկման, նվազման և ընդհուպ զրոյացման»,- ասաց վարչապետը:

«Գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ օրինակ՝ կանոնների խախտումների արձանագրման որակի և կոշտության հետ էլ պրոբլեմ ունենք»,- ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, իրենց իշխանության ծագումնաբանությունը, ըստ էության, աշխատում է իրենց դեմ:

«Այս ամեն ինչը սրվում է երկրում հաստատված այն մթնոլորտով, որ ենթադրենք, վարունգի կամ պոմիդորի կամ որևէ այլ վաճառքի կետ շատ չոր կերպով փակվի, ի հայտ կգան մեկնաբանություններ, որ, ըստ ամենայնի, երկրի վարչապետը որոշել է պոմիդորի կամ կանաչիի կամ կոշիկի մենաշնորհ հաստատել, և այսօր ստանում ենք այս իրավիճակը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ հակահամաճարակային կանոնները պետք է հետևել ամենակոշտ և չոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի փաստարկ:

«Պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ ու փաստարկ, զգացմունքային պահ։ Ըստ էության, մենք կանգնած ենք հետևյալ հանգրվանի առաջ՝ կա՛մ կանոնները չեն պահպանվում, և մենք գնում ենք նորից համատարած արգելափակումների՝ զուգորդելով դրանք պարետային ժամով և այլն, երկիրը ենթարկելով նոր տնտեսական ցնցումների, կա՛մ մենք միասին, իրար հետ համագործակցելով հսկողության տակ ենք առնում այս իրավիճակը և շատ արագ արձանագրում արդյունքներ: Սա է մեր ընտրությունը»,- հավելեց վարչապետը՝ ընդգծելով, որ որոշում կայացնելու համար ընդամենն օրեր ունենք:

Դիտվել է 18340անգամ
Վերջին լուրեր