03 / Հունիս / 2020 : 17-32

Նոր նշանակում

««ՆՈՐՔ» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Անահիտ Պարզյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:

Կենսագրություն

Ծնվել է 1985 թ.-ի մայիսի 22-ին, Վանաձորում:

2007 թ.-ին գերազանցությամբ ավարտելով Երևանի՝ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանը քաղաքագիտություն մասնագիտությամբ, ԵՊԼՀ-ում սկսել է աշխատել նախ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդու իրավունքների ամբիոնի լաբորանտ, ապա 2009 թ.-ին նշանակվել Միջազգային լրագրության և հանրային կապերի կենտրոնի ղեկավար, իսկ 2009 թ.-ից մինչև 2013 թ.-ը եղել է ԵՊԼՀ Հանրային կապերի բաժնի ղեկավար։

2007-2012 թթ. ԵԱՀԿ մոդել համաժողովների համատեքստում եղել է Հանրային խոսքի և բանակցային հմտությունների դասընթացավար։

Քաղաքական գիտությունների թեկնածու է։ Գիտական աստիճանը ստացել է 2018 թ. Չինաստանի Նանծինի (Նանկինի) համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, մասնագիտացումը՝ կիբեռանվտանգություն։ 5 տարի Չիանաստանում ուսանելուց հետո 2017 թ-ին վերադարձել է հայրենիք և մասնակցել ԵՄ-ի և ՀՀ կառավարության համատեղ YES ARMENIA ծրագրին։ Հաղթելով մրցույթում, լինելով 21 ընտրված մասնագետներից մեկը՝ աշխատել է «Թվային Հայաստան» հիմնադրամում որպես թվային ռազմավարությունների և կիբեռանվտագության մշակման և իրականացման փորձագետ։

Մասնակցել է ՀՀ Կիբեռանվտանգության ռազմավարության մշակմանը՝ լինելով հատուկ խմբի անդամ։

2017 և 2019 թթ.-ին մասնակցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացների էլեկտրոնային կառավարման, թվային տնտեսության, արհեստական բանականության համակարգերի և այլ թեմաներով Եվրոպայի համալասրանի Վարշավայի եվրատլանտյան ակադեմիայում։

Որպես ժյուրիի անդամ՝ հանդես է եկել «Եվրասիական թվային հարթակներ» ԵԱՏՄ կազմակերպված մրցույթին, «ՆերՈՒժ» ծրագրում։

Թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հետազոտությունները պարբերաբար ներկայացրել է միջազգային գիտաժողովներում, որոնք տեղի են ունեցել Քեմբրիջի, Ֆուդանի, Նանծինի համալսարաններում, ՀՀ ԳԱԱ-ում, Հայաստանի Ամերիկյան համալսարանում, ԵՊՀ-ում և այլն։

2018-2019 թթ.-ին հեղինակել է կիբեռանվտանգության տեղեկատվական արշավ երեխաների, դեռահասների, նրանց ծնողների և ուսուցիչների համար, իսկ 2020 թ.-ին իրականացրել է «Կիբեռանվտանգ Հայաստան» տեղեկատվական արշավը։

ՄԱԿԶԾ-ում «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի դասընթացավար է։

2017 թ.-ին պարգևատրվել է ՀՀ Սփյուռքի նախարարության և Մխիթարյան Միաբանության համատեղ «Հակոբ Մեղապարտ» մեդալով։

Գիտական և վերլուծական հոդվածների հեղինակ է, մեկ գրքի համահեղինակ։

Տիրապետում է անգլերենի, ռուսերենի և չինարենի»։

Դիտվել է 18955անգամ
Վերջին լուրեր