ԱՄՆ-ում գրանցվել է վագրի՝ կորոնավիրուսով վարակման աշխարհում առաջին դեպքը
Նյու Յորքի Բրոնքս թաղամասի կենդանաբանական այգում Նադիա անունով 4-ամյա էգ վագրի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին ասված է Բրոնքսի կենդանաբանական այգու վայրի բնության պահպանության միության (WCS) կողմից կիրակի հրապարակված հայտարարությունում, գրում է CNN-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին հայտնի դեպքն է, երբ վագրը վարակվում է նոր տեսակի կորոնավիրուսով:
«Չորս տարեկան էգ մալայական վագրի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Նրա, նրա քրոջ՝ Ազուլի, երկու ամուրյան վագրերի և երեք աֆրիկյան առյուծների մոտ չոր հազ է նկատվում, լիահույս ենք, որ նրանք բոլորը կկազդուրվեն»,- ասված է հաղորդագրությունում, որտեղ ընդգծում են, որ Նադիայից կորոնավիրուսի թեստ են վերցրել նախազգուշական նկատառումներից ելնելով, մինչդեռ մյուս կենդանիները չեն թեստավորվել:
Կենդանաբանական այգում վստահեցրել են, որ չնայած ախորժակի նվազմանը, հիշյալ կենդանիների վիճակը բավարար է, նրանք գտնվում են անասնաբույժների հսկողության տակ:
«Հայտնի չէ, թե ինչպես է այս հիվանդությունը զարգանալու մեծ կատվազգիների մոտ, քանի որ տարբեր տեսակներ կարող են տարբեր կերպ արձագանքել նոր վարակներին, բայց մենք կշարունակենք ուշադիր հետևել նրանց և լիարժեք ապաքինում ակնկալել»,- ասված է հաղորդագրությունում։
ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական ծառայության ազգային լաբորատորիան նույնպես հաստատել է վագրերի մոտ կորոնավիրուսի առկայությունը։ Լաբորատորիայի ներկայացուցիչները հայտարարում են, որ կենդանիները, հավանաբար, վարակվել են կենդանաբանական այգու աշխատակցից։
Բրոնքսի կենդանաբանական այգին այցելուների համար փակ էր մարտի 16-ից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 274 022 դեպք, 69 465-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 264 807 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 208 երկրում: