11 / Հունիս / 2020 : 14-19

Ավելի լավ, թող դիմակով լինեն՝ չեն ճանաչի նկարվելիս. Նիկոլ Փաշինյանը կատակեց

Դիմակ չկրելու խախտումն ո՞ւմ կողմից է արձանագրվում. կառավարության նիստում այս հարցի քննարկման ժամանակ պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ դա ոստիկանությունն է արձանագրում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ավտոմեքենայի մեջ մեկից ավելի անձի առկայության պարագայում, պատասխանատվությունն ո՞ւմ վրա է՝ անձի՞, թե՞ վարորդի. ոստիկանապետն ասաց, որ վարորդի:

Վարչապետը հարց ուղղեց.

«Եթե տեսախցիկը նկարեց, որ մեքենայում առանց դիմակի անձ կա, մեքենայի համարը գրվեց, ի՞նչ խնդիր կա. վարորդին տուգանում են դրա համար»:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ եթե անձին կոնկրետ ժամի, կոնկրետ վայրում տեսանկարահանում են, իր վերաբերյալ տեղեկություններ են հավաքում, դա անձնական տվյալների միանշանակ մշակում է, և հենց այդ համաչափությունը հաշվի առնելով՝ այնպիսի իրավախախտումներն են արձանագրվում, որոնք հնարավորինս քիչ անձնական տվյալների մշակում են ենթադրում: Ըստ Բադասյանի՝ կոնկրետ ժամի, կոնկրետ վայրում անձնական տվյալներ հավաքելը խնդրահարույց է:

Վարչապետն արձագանքեց կատակելով.

«Ավելի լավ, թող դիմակով լինեն՝ չեն ճանաչի նկարվելիս. ինչ հարաբերությունների մեջ էլ որ լինեն: Դա ևս մեկ խթան է, որպեսզի հակահամաճարակային կանոնները պահպանեն: Եթե մարդիկ մեքենայով տեղ են գնում և չեն ուզում, որ իրենց ճանաչեն, շատ լավ միջոց է կրել դեմքը ամուր փակող դիմակներ: Ապակիները մգեցնելու կարիք էլ չի լինի»,- ասաց նա:

Այդուհանդերձ, վարաչպետն առաջարկեց կարգավորումներում փոփոխություն անել՝ մեքենայում անձի դիմակ չկրելու պատասխանատվությունը դնելով միայն վարորդի վրա:

Դիտվել է 6628անգամ
Վերջին լուրեր