Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Հունիս / 2020 : 16-54

 

Արմեն Գևորգյանի ստացած 1.000.000 դոլար կաշառքն օրինականացնելու համար մեղադրանք է առաջադրվել նրա հորը

ՀՀ նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանի կողմից ստացված 1.000.000 ԱՄՆ դոլար կաշառքն օրինականացնելու համար մեղադրանք է առաջադրվել նրա հորը՝ Անդրանիկ Գևորգյանին:

Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը՝ նշելով, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

ՀՔԾ հաղորդագրությունը՝ ստորեւ.

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Անդրանիկ Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա թաքցրել և խեղաթյուրել է որդու` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի կողմից ստացած կաշառքի գումարի իրական բնույթն ու ծագումը և օրինականացրել առանձնապես խոշոր չափերի՝ 309.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլարը:

2008 թվականի գարնանն Արմեն Գևորգյանը, իր մտերիմ անձի օժանդակությամբ ստանալով վերը նշված առանձնապես խոշոր չափերի կաշառքը, դրա իրական բնույթն ու ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու համար ապահովել է նշված կաշառքի գումարի փոխանցումները տարբեր իրավաբանական անձանց անուններով, ինչպես նաև իրեն փաստացի պատկանող, արտերկրում գործունեություն ծավալող կազմակերպության բանկային հաշվին: Այնուհետև նշված կազմակերպության գործադիր տնօրեն Անդրանիկ Գևորգյանը, օժանդակելով որդու կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն, տնօրինել է հիշյալ գումարը և այն ներդրել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության մեջ՝ այդ կերպ խեղաթյուրելով և թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված կաշառքի իրական բնույթն ու ծագումը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Դիտվել է 10648անգամ
Վերջին լուրեր