Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը, սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը. պարետը հրապարակել է նոր սահմանափակումների ցանկը

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մինչև ապրիլի 12-ը երկարաձգված տեղաշարժի սահմանափակումները:
Ավինյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացրել ենք արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:
Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները`
Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:
Սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում:
Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման:
Աշխատանքի գնալիս անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը: Այս կետը պարտադիր է դառնում ապրիլի 1֊ի ժամը 23։59֊ից։
Տեղաշարժման թերթիկ անհրաժեշտ է լինելու ներկայացնել այլ սահմանված դեպքերում։
Տնտեսական գործունեության տեսակների գործող սահմանափակումները հիմնականում պահպանվել են։
Մյուս սահմանափակումների մանրամասները` որոշման մեջ:
‼ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ մի շարք սահմանափակումներ ուժի մեջ են մտնում ավելի ուշ, քան մյուսները, քանի որ ցանկանում ենք, որ ժամանակ ունենաք ադապտացվելու համար:
Շարունակե'ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»:

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։