Հորդորում եմ ԱԱԾ-ին արագ վերացնել և հերքել տեսանյութից բարի համբավս ստվերելու տպավորություն թողնող դրվագը
Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Այսօր ԱԱԾ֊ն տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է ինձ հետ կապված մի գրություն՝ կապելով այն 2017 թվականի ընտրությունների հետ։
Առաջարկում եմ մինչ բարի համբավս ստվերելու փորձեր անելը ԱԱԾ֊ում աշխատող գրագետ մարդկանց ստուգել նյութը։ Կոնկրետ ՝ 2017 թվականին չի եղել «Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակ», ինչպես գրված է գրության մեջ, այլ եղել է «Ծառուկյան դաշինք»֊ի ցուցակ, որի կազմում եղել եմ, որպես դաշինքի մաս հանդիսացող Ալյանս կուսակցության նախագահ։
Հորդորում եմ ԱԱԾ֊ին արագ վերացնել և հերքել տեսանյությից բարի համբավս ստվերելու տպավորություն թողնող դրվագը։
Իսկ նշյալ գրության մեջ մասնավորապես գրված խոսքերը առիթն օգտագործելով նորից կրկնում եմ՝ պարտավորվում եմ պատվով աշխատել թիմիս, կուսակցությանս ու Հայրենիքիս առաջընթացի համար անմնացորդ ձևով, ինչն էլ միշտ արել եմ»։