Փաշինյանը Արսեն Թորոսյանին կոչ արեց շենքերով ու հասցեներով հրապարակել կորոնավիրուսով վարակվածների տվյալները
Անձնական տվյալները պաշտպանում ենք շատ սրբորեն, դրա համար հանրության մի ստվար զանգված չի հավատում, որ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացած մարդիկ կան, կառավարության այսօրվա նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չեն հավատում, որ վերակենդանացման բաժանմուքնում գտնվող մարդիկ կան, չեն հավատում, որ կողքի շենքում կորնավիրուսով հիվանդ մարդիկ կան», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե երբ ոստիկանությունը ինչ-որ մեկին բերման է ենթարկում, մտնում են ուղիղ եթեր, ցույց են տալիս ու այդ ժամանակ չեն հիշում անձնական տվյալի գաղտնիության մասին։
«Իսկ երբ ցույց ես տալիս դրանից առաջ քաղաքացու ցուցաբերած օրինախախտումը, լկտի վերաբերմունքը ոստիկանության աշխատողի հետ, ասում են «բա անձնական տվյալները խախտել ես», էս մեր ժամանակակից իրավաբանությունը, ընդհանրապես, կներեք, ամեն օր ինչ-որ տարօրինակ բանի ենք հանդիպում», - ասաց Փաշինյանը։
Նա Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին կոչ արեց ոչ թե թաղամասերով, այլ շենքերով ու հասցեներով է պետք հրապարակել, թե որտեղ կորոնավիրուսով վարակված մարդ կա։
«Եկեք անենք դա, թող գնան, տեսնեն որտեղ կորոնավիրուսով վարակված մարդ կա», - ասաց ՀՀ վարչապետը։
«Փորձենք անել, դեմ չեմ», - արձագանքեց Արսեն Թորոսյանը։
«Իրավիճակը արտակարգ է ու պետք է արտակարգ միջոցներ ձեռնարկել», - ասաց Փաշինյանը։