Տղամարդը պետք է իր խոսքի տերը լինի և պահի ազդեցության տակ որոշումներ չկայացնի. Արենա Զեյնալյան
Ելակետ լրատվականի/Yelaket.am—ի զրուցակիցն է «Women's Club» հումորային ծրագրի մասնակից և «Միսս հայուհի 2018» գեղեցկության մրցույթի հաղթող Արենա Զեյնալյանը, որը մեզ հետ կիսեց իր խոհերը բարդույթների, մրցույթների , սիրո և գեղեցկության մասին:
-Ո՞րն էր ամենամեծ խոչընդոտը, որը հաղթահարեցիք Թեհրանից Երևան տեղափոխվելիս:
-Ինձ համար շատ դժվար էր ընտանիքից հեռու լինելը: Հոգեպես տանջվում էի: 2018 թվականի հունիսի 17-ին եկել եմ Երևան և չեմ էլ վերադարձել Թեհրան:Իհարկե, Հայաստանը ինձ շատ հոգեհարազատ է, միշտ եղել է ու կլինի հայրենիք, բայց շատ դժվար է ընտանիքից հեռու ապրելը:Սակայն ես նպատակներ ունեմ և գնում եմ իմ նպատակին ընդառաջ:
- «Միսս հայուհի» մրցույթը ի՞նչ նոր հնարավորություններ տվեց:
-<<Միսս հայուհի>> տիտղոսը ինձ բերեց շատ հաջողություններ: Սկզբում շատ դժվար էր, բարդ էր: Այնպես չէ, որ թագը դնում են գլխիդ, ու դու դառնում ես փայլուն արքայադուստր: Ո՛չ, նոր սկսվում են փորձությունները: Սկսվում են այն պարտականությունները, որ կա քո ուսերին, որ պետք է իրականացնես, մի պետություն պետք է ներկայացնես և պետք է անես ամենալավը, որ կարողանաս քեզ դրսևորել լավագույն կերպով:Իսկ դա մտքով, ֆիզիկապես, ամեն ինչով շատ բարդ է:
Իսկ երբ գնացի <<Միսս աշխարհ>> և վերադարձա, այդ ժամանակ նոր ձեռքբերումներ ունեցա: Գեղեցկության մրցույթները կարծրատիպերից հեռու են, միայն արտաքինով չեն դատում: Անմիջապես հետաքրքրվում են, հարցնում են, թե ի՞նչ կրթություն ունես, ի՞նչ ես արել, որ հասել ես այդ տիտղոսին:Հուսամ՝ Հայաստանում էլ այդ կարծրատիպը կփոխվի:
Իսկ տիտղոսը շատ-շատ հաջողության դռներ բացեց իմ առաջ:
-Կա՞ բարդույթ, որը մրցույթների շնորհիվ արդեն հաղթահարել եք:
-Բարդույթներ կան, որ մրցույթի շնորհիվ հաղթահարել եմ,բայց կուզեի նշել, որ ինքնավստահություն եմ ձեռք բերել:Գիտեմ՝ ինչպես շփվեմ և ներկայանամ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ,որովհետև մենթալիտետը տարբեր է ամբողջ աշխարհում:Ես շփվել եմ 120 երկրի աղջիկների հետ մեկ ամիս և դա ամեն մարդու կյանքում չի լինում:Մրցույթը փորձառություն է, լավ թե վատ հուշեր են մնում, անցնում, գնում, բայց ամենակարևորն այն է, թե ինչ ես սովորում,որպեսզի հետո՝ ապագայում, օգտվես քո սովորածից:Իսկ դա մեծ փորձառություն էր, հնարավորություն, որն ունեի տիտղոսի շնորհիվ:
-Գեղեցկության Ձեր սահմանումը:
-Ինձ համար գեղեցիկը իրական լինելու մեջ է:Դու դու ես և չես փորձում որևէ մեկին նմանվել:
-Մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանելու համար ի՞նչն է ամենակարևորը:
Չպետք է լինես բողոքող, քննադատող, դժգոհող:Եթե մարդը հաջողությունների է հասել,չպետք է մեծամտանա, այլ լինի ավելի շփվող ու անմիջական:Ինչքան էլ մարդը հաջողություների հասած լինի, եթե անընդհատ ասի ու արտահայտվի,ինձ էլ դուր չի գա:Իմ դեպքում այդպես է:
-Ո՞վ է ամենագեղեցիկ կինը...
-Ինքնավստահ կինն է:Անընդհատ իր մեջ սխալներ չփնտրող, չքննադատող կինն է:Նա է, ով ինքն իրեն ընդունել է այնպիսին, ինչպիսին նա կա:Ինձ համար ինքնավստահ կինը ամենագեղեցիկ կինն է:
-Իսկ ամենագեղեցիկ տղամարդը...
-Ամենագեղեցիկ տղամարդը ամենահավատարիմն է:Հավատարմությունը միայն տղամարդու և կնոջ հարաբերություններում չէ, ես ընդհանուր նկատի ունեմ: Տղամարդը պետք է իր խոսքի տերը լինի և պահի ազդեցության տակ որոշումներ չկայացնի:Ես դա եմ կարևորում:
-Ինչու՞ որոշեցիք դառնալ « Women's club» հումորային նախագծի մասնակիցը:
-Մասնակցության առաջարկություն ստացա և ընդունեցի:Երբեք չէի եղել հումորային նախագծում:Ինձ համար շատ մեծ փորձություն էր, փառք աստծո, հաղթահարեցի:
-Ի՞նչ վատ հատկանիշ ունեն սոց. կայքերը:
-Սոց.կայքերի ամենավատ հատկանիշն այն է,որ մարդիկ անիրական են: Ամեն ինչը չափված-ձևված է և դա ինձ դուր չի գալիս:Չես կարող առանձնացնել լավը վատից:
-Երբ սիրում են, ամենևին չե՞ն իմանում, թե ինչու են սիրում.այդպիսի՞ն է լինում իսկական սերը...
-Ես չեմ հավատում այդ սիրուն:Միգուցե այս դարի համար չէ: Կան բացառություններ,բայց իմ դեպքում այդպես չէ:Նկատի չունեմ,որ պիտի իմանաս՝ ինչի՞ ես սիրում:Ո՛չ, դա ներքին զգացողություն է, բայց պիտի ունենաս յուրովի պատճառներ,թե ինչու ես իրեն առանձնացնում ու նվիրվում:
-Ի՞նչ է կինը ակնկալում տղամարդուց:
-Հարգանք:Եթե լինի հարգանք, ամեն ինչ ինքնըստինքյան իր հունով կընթանա: Ամենակարևորը հարգանքն է:
-Ի՞նչն է այսօր Ձեզ երջանկացնում:
-Ընտանիքս, շրջապատս, դրա հետ մեկտեղ այն հույսը, որ ամեն ինչ շատ լավ է լինելու:
-Ինչպե՞ս կանվանեիք Ձեր մասին պատմող իրական պատմությունը:
-Իմ կյանքում շատ պատմություններ են եղել, դրա մասին գիտեն իմ հարազատներն ու ընկերները:Ինձ շատ մտերիմ մի մարդ ասում էր, որ իմ կյանքը կարծես Դիսնեյի մուլտերից լինի՝ փորձությունները հաղթահարելով քայլում եմ դեպի լուսավոր ապագա:
Ինձ համար միշտ վերջին պահին է ամեն ինչ փոխվել և վերջին օրում այնպես դասավորվել, որ մինչ այդ պահը մտածել եմ, որ չեմ կարող անել,ուշ է արդեն, վերջացավ: Կա մի ուժ,որ օգնում է ինձ, և ես դա շատ եմ գնահատում:Այդ պատճառով կարող եմ ասել, որ հույսը միշտ ամենավերջում է մահանում: Ինձ համար միշտ այդպես է եղել:
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը: