22 / Հունիս / 2020 : 12-43

«Բարգավաճ Հայաստանը» կմասնակցի ԱԺ արտահերթ նիստին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր մասնակցելու է ԱԺ արտահերթ նիստին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Այսօր մասնակցելու ենք արտահերթի աշխատանքներին՝ ներկայացնելու այն հիմնավոր հակափաստարկները, որոնք տեսնում ենք օրենսդրական այս նախաձեռնության հետ կապված, մասնավորապես օրենսդրության մեջ հակասություն, միջազգային կառույցների գնահատականներ և կոչով հանդես գալու համար, որ ՍԴ-ն չէ մեր երկրի թիվ մեկ խնդիրը, որից ձերբազատվելու համար իշխանությունները կենտրոնացրել են իրենց ամբողջ ներուժը։ Այսօր լրջագույն խնդիրների դեմ պայքարելու փոխարեն, շարունակվում է պայքարը ՍԴ-ի և ՍԴ դատավորներից ձերբազատվելու ուղղությամբ»,-ասաց Իվետա Տոնոյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն էլ ընդգծեց, որ արտահերթ նիստին իրենց մասնակցությունը կապ չունի ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու հետ։ Պատգամավորի վստահեցմամբ, եթե անգամ Գագիկ Ծառուկյանը գտնվեր անազատության մեջ, միևնույն է մասնակցելու էին նիստին ու բարձրաձայնելու էին բոլոր խնդրահարույց կետերը։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտել էր ԱԺ նիստերը և չէր մասնակցում դրանց։

Դիտվել է 9510անգամ
Վերջին լուրեր