Սրանով հիմք է դրվում սահմանադրական հեղաշրջման. ԲՀԿ-ն չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ խմբակցությունում տարբեր մոտեցումներ կային այսօրվա ԱԺ արտահերթ նիստին մասնակցելու վերաբերյալ. Կար մոտեցում, որ միգուցե կա անհրաժեշտություն մասնակցել նիստին եւ կրկին ներկայացնել մոր հիմնավորումները, մոտեցումները: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա տեղեկացրեց, որ ի վերջո որոշում է կայացվել չմասնակցել ԱԺ այսօրվա նստին. «Որովհետեւ այս նիստով հիմք է դրվում ՀՀ-ում սահմանադրական հեղաշրջման: Սրանով Հայաստանում հիմք է դրվում եւ հաստատվում է բռնապետություն, ուստի ԲՀԿ-ն չի մասնակցելու մի նիստի, որի իրավական եւ քաղաքական հետեւանքների համար այդ նիստի բոլոր դերակատարներն ու մասնակիցները կրելու են իրավական եւ քաղաքական պատասխանատվություն»,-ասաց Զոհրաբյանը:
«Մենք հասկացանք, որ անիմաստ է մասնակցելը, որովհետեւ երբ ստանում են քաղաքական հրահանգ, դա իրականացնում են, ինչպես ստացան քաղաքական հրահանգ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու դատախազի անհիմն միջնորդությունները բավարարելու վերաբերյալ»,-ասաց նա: