ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ
Ընթանում է ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում է 2019-ի պետբյուջեի կատարողականը։
Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 25-ին, շարունակում է արտահերթ նստաշրջանի աշխատանքը, որի օրակարգում ընդգրկված է 12 հարց:
Նշենք, որ ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցում նիստին:
Հիշեցնենք, որ խորհրդարանը երեկ ընդունեց օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը, ըստ որի` օրակարգի մի շարք հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ դրանք ընդունելուց հետո` 24 ժամվա ընթացքում:
Կառավարության հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երեկ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ խորհրդարանականների քննարկմանը ներկայացրեց արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
Մասնավորապես, պատգամավորները կքննարկեն նաեւ «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ մի շարք այլ օրենքների նախագծեր:
Խորհրդարանին կներկայացվի նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2020 թվականի մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:
Պատգամավորները կքննարկեն Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցը եւ կլսեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան եւ Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումները: