Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Հուլիս / 2020 : 14-51

Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն

Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն: Այդ գործում բացառիկ դեր են խաղացել Տրդատ Գ թագավորը և հայոց առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորիչը:

Տրդատ Գ թագավորը Արշակունի տոհմից Խոսրով Ա-ի որդին էր, որին դավադրաբար սպանել էր Ս. Գրիգոր Լուսավորչի հայրը` Անակ Պարթև իշխանը, Պարսից թագավորի սադրանքով:

Հայոց Տրդատ թագավորը հեթանոս էր և դաժանորեն հալածում էր քրիստոնյաներին:Հայ պատմագրության համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ վերադառնում է Հայաստան՝ վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին զոհեր է մատուցում Անահիտ հեթանոսական չաստվածուհու մեհյանին: Իր զինակիցներից Գրիգորը քրիստոնյա լինելով հրաժարվում է զոհ մատուցել: Այդ ժամանակ Տրդատին հայտնի է դառնում նաև, որ նա իր հոր` Խոսրով Բ-ին սպանող Անակ իշխանի որդին է: Տրդատը հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը, որ սահմանված էր մահապարտների համար:

Այնուհետև տանջամահ է անում Ս. Հռիփսիմյանց կույսերին, ովքեր, փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից, հաստատվել էին Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ: Տրդատը հմայված Հռիփսիմե կույսի գեղեցկությունից, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով հրամայում է բոլոր կույսերին նահատակել: Կույսերի և հատկապես Հռիփսիմեի նահատակությունը հոգեկան այնպիսի հզոր ցնցումներ է պատճառում Տրդատին, որ վերջինս հոգեկան ծանր հիվանդություն է ստանում: 5-րդ դարում ժողովուրդը այդ հիվանդությունը բնորոշում էր խոզակերպությամբ և Տրդատին քանդակագործության մեջ պատկերում խոզակերպ:

Այդ ժամանակ թագավորի քրոջը՝ Խոսրովիդուխտին երկնային տեսիլքով հայտնի դարձավ, որ թագավորին և երկրի թափուր մնացած գահը կարող է փրկել միայն Գրիգորը: Այդ տեսիլքն ահեղ սպառնալիքներով կրկնվեց երկրորդ անգամ, մինչև որ նախարարները հավատացին և շտապեցին վիրապից դուրս բերել Ս. Գրիգորին:

Վերջինս, ազատվելով բանտարկությունից, նախ ամփոփում է նահատակ կույսերի աճյունները, ապա 66 օր քարոզում քրիստոնեական վարդապետությունն ու բժշկում Տրդատ թագավորին: Թագավորը և ողջ արքունիքը քրիստոնյա են դառնում, և քրիստոնեությունը հռչակվում է որպես պետական կրոն: Այդ գործում քիչ դեր չի ունեցել նաև թագավորի կինը Աշխենը, ում հայոց եկեղեցին դասել է սրբերի շարքը:

«Մեր լուսավորության երկրորդ հայրը», ինչպես նրան կոչում է Ս. Մովսես Խորենացին, թագավորեց 56 տարի և մահացավ՝ թունավորվելով թշնամի նախարարների ձեռքով:

Այդ ամենից հետո Աշխեն թագուհին առանձնացավ Գառնու ամրոցի ճգնարանում: Իսկ Խոսրովիդուխտը, որն իրավամբ համարվում է ողջ Հայաստանի կույսերի մայրը, նույնպես միայնացավ Գառնիում, որտեղ և բարեպաշտությամբ ավարտեց իր կյանքը:

qahana.am

Դիտվել է 20435անգամ
Վերջին լուրեր