06 / Հուլիս / 2020 : 08-50

Էդիկ Անդրեասյանը մեղավոր չէ, դաշնակցական է

Օրեր առաջ տեղեկացանք, որ դատախազի գրության համաձայն` ոստիկանության քրեական վարչությունն ուսումնասիրում է «Հրապարակ» օրաթերթի հեղինակներից Էդիկ Անդրեասյանի «Բռնապետիկն ու մենք» հոդվածը:

Միանգամից պետք չէ ոմանց մեղադրել մամուլի վրա ճնշում գործադրելու մեջ, որովհետև Էդիկ Անդրեասյանի հոդվածի մեջ մեծ վրիպակ կա, անսրբագրելի մի սխալ, մեղք, ավելի դիպուկ, որի պատճառով նա արժանացել է Բարձր Դռան արգահատանքին: Այ քեզ բան, ախր ո՞վ է օրը ցերեկով բռնում ու օր օրի խոշորացող բռնապետին բռնապետիկ անվանում: Բա հարգանքն ու՞ր մնաց, բռնապետիկը ո՞րն է:

Այս հարցով, անշուշտ, ես որևէ մեկին բռնապետ անվել չեմ ցանկանում, առավել ևս` բռնապետին, պարզապես փորձում եմ հասկանալ` ինչու՞ է պարոն Անդրեսյանը նման կոպիտ սխալ թույլ տվել: Իրականում, վստահ եղեք, Էդիկ Անդրեասյանի հոդվածն այդքան չէր գրգռի համապատասխան մարդկանց համապատասխան զգայարանները, եթե նա դաշնակցական չլիներ:

Ինչ խոսք, կուսակցության շարքեր ընգրկվելուց առաջ նա պարտավոր էր ինչ-որ մեկի կարծիքը հարցնել, և թքած, որ երբ պարոն Անդրեասյանը կուսակցության շարքեր էր մտնում, այդ մեկը նոր-նոր հայտ էր լրացնում` համալսարան ընդունվելու համար: Հեռվից եկա: Ուզում էի ասել, որ «Հրապարակ» օրաթերթի լրագրող-հրապարակախոս Էդիկ Անդրեասյանը մեղավոր չէ, նա ուղղակի դաշնակցական է:

Հենց այդպես, բոլշևիկներ շեն մնան: Իրականում ամեն ինչ կարող էր շատ ծիծաղելի լինել, եթե այսքան ողբերգական չլիներ: Մարդը կարող է հակասություն ունենալ հանրապետական Ռազոյի, հնչակյան Ռուդիկի, ռամկավար Հովսեփի, դաշնակցական Կարենի ու, ասենք, դեմոկրատ Դավոյի հետ, մարդ է, հակասություն ունի, բայց դուրս գալ մի ամբողջ կուսակցության դեմ և ամեն պատեհ-անպատեհ առիթով փորձել ճնշում բանեցնել նրա վրա, մեղմ ասած, մարդկային չէ: Չէ որ սա Իտալիան չէ, չէ, մեզնից ոչ մեկի անունն էլ Բենիտո Մուսոլինի չէ:

Մի մարդ, որն իր քաղաքական կարիերան սկսել է հրապարակային գործունեությամբ ու լրագրությամբ և գրեթե միշտ աչքի է ընկել իր սուր, հաճախ անպատասխանատու հայտարարություններով, նկատի ունեմ Մուսոլինիին, անշուշտ, հրապարակախոսական հոդվածի համար մարդկանց փորձում է կանգնեցնել պատի տակ, ոչ այնքան բուն հոդվածի, որքան նրա քաղաքական հայցքների պատճառով: Նման գործելոճը որևէ աղերս չունի երկիր ղեկավարող մարդու հետ, Մուսոլինին լինի, թե կիրթ Ալիևը, մեկ է:

Ով չի նկատում դա, իր տեսողության խնդիրն է: Եթե չեմ սխալվում, մարդ կար, խոսում էր ոսքի ազատության մասին, ցավում եմ, որ դա էլ տարընթերցումներ ունեցավ, և տարածվեց միայն նրանց վրա, որոնց ողնաշարը բավականին ճկուն է` կռանալու համար, և իրենց ամենևին վատ չեն զգում Ֆյուրերին կռացած ծափահարելիս, մանավանդ, որ ծափահարելու ոչինչ չկա:

Ինչ խոսք, Անդրեասյանին հանգիստ կարելի է կալանավորել, ազատազրկման դատապարտել, գնդակահարել, խեղդել, սովամահ անել, բայց այդ հրահանգ տվող պարոնը վստա՞տ կլինի, որ դրանով ճշմարտությունը փոխվում է, էլ Էդիկներ չե՞ն լինելու:

Քամի ցանողը հողմ է հնձելու, պարոն, ձեր ցանածը խեղդելու է, Դուչէ: Էդիկ Անդրեասյանին շատ մոտիկից չեմ ճանաչում, միայն գիտեմ, որ կարգին հայ մարդ է, ազգային արժեհամակարգ կրող և պողպատե կամք ունի`անցնող-գնացող հողմերի առաջ չընկրկելու համար: Կրկնում եմ` այդ մարդը մեղավոր չէ, նա ուղղակի դաշնակցական է: Աջակցում եմ նրան:

Գևորգ Գյուլումյան

Աղբյուր yelaket.am

Դիտվել է 56980անգամ
Վերջին լուրեր