Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Հուլիս / 2020 : 14-36

Ucom-ի հայտարարությունը
 

Ucom ընկերության տեխնիկական անձնակազմը շարունակում է փուլ առ փուլ վերականգնել շարժական և ֆիքսված ցանցի աշխատանքը։ Հուլիսի 8-ի երեկոյան ծառայությունների անհասանելիության պատճառ է դարձել հոսանքի տատանման արդյունքում տեխնիկական հիմնական համակարգում առաջացած գերբեռնվածությունը։

Առաջացած խափանումն ազդել է նաև մյուս ենթահամակարգերի բնականոն աշխատանքի վրա։

Շարժական կապի ձայնային ծառայությունների, ինչպես նաև ֆիքսված ինտերնետի հասանելիությունն օպերատիվ կերպով վերականգնվել է մոտ 2 ժամվա ընթացքում։

Ucom ընկերության կողմից տրամադրվող այլ ծառայությունները վերջնական կարգավորում կստանան արտերկրից պատվիրված բաղկացուցիչ մասերի Հայաստան հասնելուն պես։

«Այս պահին շարժական և ֆիքսված ցանցերի աշխատանքն ապահովվում է պահուստային գեներատորների գործարկման շնորհիվ։

Մեր տեխնիկական անձնակազմը, որը միջազգային լավագույն ընկերություններում աշխատանքային փորձ ունեցող արհեստավարժ մասնագետներով է համալրվել, իսկապես աննախադեպ կարճ ժամանակահատվածում է խնդրին լուծում տվել։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում հայաստանյան և օտարերկրյա մեր բազմաթիվ գործընկերներին, այդ թվում՝ պետական մի շարք կառույցներին, Ucom-ի կորպորատիվ ու անհատ հաճախորդներին օպերատիվ աջակցության համար։

Նշեմ, որ անհրաժեշտ բաղկացուցիչ մասերն արդեն պատվիրված են և Հայաստանում կլինեն հաշված օրերի ընթացքում», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

Հավելենք, որ նոր բաղկացուցիչ մասերի տեղադրման և գործարկման նպատակով իրականացվող աշխատանքները կկատարվեն գիշերային ժամերին, որպեսզի կապի հնարավոր տատանումները նվազագույն անհարմարություն պատճառեն Ucom ընկերության բաժանորդներին։

Դիտվել է 25125անգամ
Վերջին լուրեր