Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Հուլիս / 2020 : 12-13

Ռազմական ուժի կիրառման սպառնալիքը չի գործելու. Աննա Նաղդալյանի հարցազրույցը «Lenta.Ru»-ին 

Հարց. Սահմանին կիրառվում են «Գրադ» համակարգեր, տանկեր, գործի է դրվում կենդանի զինուժը, գործի են դրվում մեծ թվով ԱԹՍ-ներ. կարո՞ղ ենք արդյոք խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի մասին։ 

Պատասխան. Այս մարտերը Ադրբեջանի կողմից հրահրված լայնամասշտաբ էսկալացիա են: Քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության նպատակաուղղված հրետակոծումն ադրբեջանական կողմի՝ վաղուց կիրառվող մարտավարությունն է: Տարիներ շարունակ մենք առերեսվել ենք դրան, մենք դրան ականատես ենք եղել 2016-ի ապրիլին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում սանձազերծեց Հայաստանի հետ սահմանին և Արցախի պաշտպանության բանակի ուժերի հետ շփման գծում: 

Ե՛վ 2016 թ. ապրիլին, և՛ 2020թ. հուլիսին ադրբեջանական բանակի գործողությունները միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են: Մենք բազմիցս ասել ենք, որ ռազմական ուժի կիրառման սպառնալիքը չի գործելու։ Հայաստանն ու Արցախն ունեն բավարար ներուժ՝ պաշտպանելու և ապահովելու մեր միասնական անվտանգության համապարփակությունը:

Հարց. Մինչև մարտական գործողությունների սկսվելը Հայաստանը ունեցե՞լ է տեղեկություններ նախապատրաստվող հարձակման մասին:

Պատասխան. Ձեր հարցն ավելի շատ ուղղված է զինվորականներին, քան դիվանագետներին: Ընդհանուր առմամբ, կարելի է նշել, որ Հայաստանի զինված ուժերը մշտապես պատրաստ են հետ մղելու  ցանկացած ոտնձգություն։ Իմ կողմից կարող եմ ընդգծել, որ եղել են քաղաքական նախադրյալներ: 

Լարվածության աճին նախորդել են Ադրբեջանի նախագահի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ձևաչափին հասցեագրված հարձակումներ և մեղադրանքներ: Ավելին, վերջին ժամանակաշրջանում Ադրբեջանի ղեկավարը տարածքային և պատմական «պահանջներ» է ներկայացնում Հայաստանին: 

Մասնավորապես, խոսքը մայրաքաղաք Երևանի, ինչպես նաև Հայաստանի հարավում գտնվող Զանգեզուրի շրջանի մասին է: Իր հրապարակային հայտարարություններում և ելույթներում նա նորից դիմեց ագրեսիվ և ռազմատենչ հռետորաբանությանը՝ վստահեցնելով իր երկրի բնակչությանն առ այն, որ Ադրբեջանն ի զորու է լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը  ռազմական ճանապարհով։ Ամենայն հավանականությամբ, ինչ-որ պահի, Ադրբեջանը ենթադրեց, որ ունի բավարար կարողություն իր հայտնի մտադրությունները կյանքի կոչելու համար, մասնավորապես՝ ի ցույց դնելու Ադրբեջանի զինված ուժերի ձգտումն ու կարողությունները՝ իրենց կամքը պարտադրելու Հայաստանին և Արցախին: 

Հարց. Ո՞րն է հակառակորդի ենթադրյալ նպատակը։

Պատասխան. Այս մասին ավելի լավ է հարցնել Ադրբեջանի ներկայացուցիչներին, քանի որ ներկայիս լարվածության աճն ամբողջովին նրանց գործողությունների արդյունքն է: Մենք կարող ենք միայն ենթադրել, թե ինչի էին ցանկանում հասնել Բաքվում՝ սահմանին բախումներ հրահրելով: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հնարավոր համարեց ցուցադրել Հայաստանի նկատմամբ ռազմական գերակայությունը, սակայն մեծապես գերագնահատեց սեփական ներուժը: Միևնույն ժամանակ, պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանի ղեկավարությունն ավանդաբար օգտագործում է Հայաստանի հետ սահմանին անկայունության գործոնը՝ որպես ներքաղաքական գործիք. Ադրբեջանի ղեկավարության զինանոցում առկա հայատյացության քարոզչությունը հարմար գործիք է ծառայում ադրբեջանական իշխանությունների ձեռքում հասարակությանը համախմբելու համար: 

Մարտական գործողությունները թույլ են տալիս շեղել ուշադրությունը ներքին խնդիրներից, ինչպիսիք են իշխանության բռնապետական ​​բնույթը, համատարած կոռուպցիան, մարդու իրավունքների կոպիտ խախտումները, բոլոր հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումները:

Հարց. Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի միջազգային գործընկերների արձագանքը: Ոմանք նշում են, որ այն առնվազն թույլ էր:

Պատասխան. Միջազգային հանրության կողմից ինչպես պետությունների, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների մակարդակով անհապաղ և միանշանակ արձագանք տրվեց վերջին օրերի իրադարձություններին: Վերջիններս միաձայն կոչ արեցին դադարեցնել մարտական գործողությունները: Մենք բարձր ենք գնահատում մեր այն գործընկերների հստակ և անզիջում դիրքորոշումը, ովքեր հանդես են եկել ռազմական արկածախնդրության անընդունելիության դիրքերից: Այնուամենայնիվ, առանձին երկրներ հանդես են եկել, առնվազն, ապակառուցողական հռետորաբանությամբ: Այս առումով ցանկանում եմ ընդգծել Թուրքիայի դիրքորոշումը, որը ոչ միայն անվերապահ աջակցեց Ադրբեջանին, այլև առաջ քաշեց անթաքույց նկրտումներ հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ, որոնք Թուրքիայի նախագահը և նրա աջակիցները փորձում են հիմնավորել մեր տարածաշրջանում Թուրքիայի «պատմական առաքելության» վկայակոչմամբ:

Անընդունելի ենք համարում տարածաշրջանային նման բարդ իրադրությունում Ադրբեջանի ագրեսիվ և հրահրող պահվածքի` ուղղակի կամ անուղղակի խրախուսմամբ հանդես գալը և ափսոսանք ենք հայտնում հնչած նման բնույթի  հայտարարությունների առնչությամբ։ 

Անչափ կարևոր է, որ երրորդ երկրները ձեռնպահ մնան այն քաղաքականությունից, որը հրահրում է անկայունություն, կամ ինչ-որ ձևով արտահայտում է աջակցություն Ադրբեջանին՝ ցեղային ընդհանրությունների հիման վրա, կամ սնում վերջինիս՝ ռազմական ձևով խնդրի կարգավորման պատրանքները:

Հարց. Բաքուն պաշտոնապես սպառնացել է հարձակվել Հայկական ատոմային էլէկտրակայանի վրա: Որքա՞ն լուրջ է Երևանը վերաբերում նմանատիպ սպառնալիքին և ինչո՞վ կարող է պատասխանել:

Պատասխան. Հայաստանի ԱԳՆ-ն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։ Տվյալ սպառնալիքն ուղղված է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների դեմ, ներառյալ` Ադրբեջանի բնակչություն դեմ։ Ադրբեջանը պարտավոր է հրապարակայնորեն հրաժարվել այդ սպառնալիքներից, և մենք հետևողական կլինենք այդ հարցում։ 

Ցանկանում եմ ընդգծել, որ տվյալ սպառնալիքը ոչ միայն մատնացույց է անում Ադրբեջանի ռազմաքաղաքական կառավարության հուսահատությունն ու մտքի ճգնաժամը, այլ նաև ընդգծում է միջազգային հանրության այդ անդամի առողջ դատողության և պատասխանատվության զգացումի բացարձակ բացակայությունը։ 

Հարց. Հատկանշական է, որ իրադրության այս նոր էսկալացիան տեղի չի ունեցել Արցախի տարածքում: Արդյոք պետք է այս գործողությունները պայմանավորել հակամարտությամբ: 

Հարց. Վերջին օրերի իրադարձությունները, իհարկե, անհրաժեշտ է դիտարկել նաև Արցախի Հանրապետության դեմ սադրանքի համատեքստում: Ինչպես արդեն վերը նշեցի, ռազմական արկածախնդրությունը ընդհանուր առմամբ հանդիսանում է Բաքվի տարածաշրջանային քաղաքականության վարման հիմնական մեթոդը: Մեր տեսանկյունից, միջպետական սահմանին սադրանքը և ՀՀ տարածքում գտնվող պաշտպանական հենակետի գրավման փորձը սպառնալիք են` ուղղված մեր ազգային անվտանգության դեմ: Նմանօրինակ գործողությունները պետք է կանխվեն ՀՀ զինանոցում առկա բոլոր միջոցներով:

Հարց. Որո՞նք են իրադարձությունների հետագա զարգացման տարբերակները. ռազմական գործողությունների, թե, ասենք, հայկական առաջխաղացում՝ անվտանգության գոտու ձևավորման համար։ 

Պատասխան. Մենք բազմիցս հայտարարել ենք և շարունակում ենք պնդել, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Հուսով ենք, որ իր ռազմական արկածախնդրության տապալումից հետո Ադրբեջանը պատասխանատվություն կցուցաբերի հրադադարի պահպանման և ամրապնդման հարցում: Առկա են անվտանգության և վստահության ամրապնդման ուղղությամբ հստակ առաջարկներ, ներառյալ՝ տեղում միջազգային դիտորդների թվի ավելացումը և նրանց մշտական տեղակայումը, ուղիղ կապը և հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրումը։ Դրանց իրագործումը կարող է օգնել խուսափել լարվածության աճի հետագա վերսկսումից։ 

Սակայն Ադրբեջանը մերժել է հետաքննության այդ մեխանիզմները, որոնց բացակայությունը նպաստում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճին, ինչպես նաև հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքներին: 

Ընդգծեմ, որ ստեղծված իրավիճակում հրամայական են մարտական գործողությունների դադարեցման, Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի անվերապահ և լիակատար վերականգնման, պահպանման և ամրապնդման ջանքերը:  

Դիտվել է 9665անգամ
Վերջին լուրեր