23 / Հուլիս / 2020 : 13-46

 

Տպավորություն է, որ Հայաստանի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կոորպորացիաները՝ իրենց մասնագետներով հանդերձ. Նիկոլ Փաշինյանը 7 կետ նշեց

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ադրբեջանական վերջին ագրեսիայի ու հայկական կողմի արժանի հակահարվածի մասին, հայտարարեց.

«Մենք մեր դիրքորոշումը հուլիսյան հաղթական մարտերից հետո ամրապնդել ենք և  դրանք արտահայտվում են հետևյալում.

Առաջին. Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել: Այս տեսակետից խիստ կարևորում եմ Արցախի Հանրապետության հետ մեր սերտ համագործակցությունը և այդ համագործակցությանն առկա սպառնալիքներին համապատասխան նոր բովանդակության հաղորդելը:

Երկրորդ. Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ:

Երրորդ. Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ:

Չորրորդ. բանակցությունները պետք է լինեն իմաստալից: Ադրբեջանի այն մոտեցումը, որ բանակցությունները պատերազմի շարունակությունն են և դրանց նպատակը բանակցային սեղանի շուրջ ռազմական խնդիրներ լուծելն է,  իմաստազրկում են բանակցային ողջ գործընթացը:

Բանակցություններն իմաստ ունեն եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնել իր մաքսիմալիստական մոտեցումից և պատրաստ է փոխզիջման: Առանց որևէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիջվել որևէ պարագայում:

Հինգերորդ. վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորեց Տավուշի մարզի մի շարք գյուղերի սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը և  ենթակառուցվածքներին:

Արբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կոորպորացիաները՝ իրենց մասնագետներով հանդերձ:

Արդեն երրորդ տասնամյակը ձգվող հակամարտությունը լուրջ վնաս է հասցնում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին և Արցախում ապրող մարդկանց և խախտում է նրանց քաղաքական, տնտեսական, բնապահպանական, տեղաշարժի  և այլ իրավունքները:

Այն մոտեցումը, որ այդ իրավունքները կարող են իրացվել միայն հակամարտության կարգավորումից հետո, ընդունելի չէ:

Հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրները պետք է դառնան բանակցային օրակարգի առաջնային մաս:

Վեցերորդ. հրադադարի պահպանման մոնիթորինգը, որը գոյություն ուներ մինչև համավարակը, փաստացի խիստ սահմանափակ է:

Անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիթորինգ, որը լինի մշտական և ունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե երբ և որ կողմն է խախտել հրադադարը:

Նմանօրինակ մոնիթորինգային գործունեություն կարող է իրականացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, որն ունի տարածաշրջանում տարիների փորձառություն և կարող է ապահովել ԵԱՀԿ դիտորդների մշտական ներկայությունը տարածաշրջանում՝ թե՛ պետական սահմանին և թե՛ շփման գծում:

Զինվորականների միջև տեղում ուղիղ կապի ապահովումը արդյունավետ գործիք է միջադեպերը կանխելու և պարզաբանելու ուղղությամբ:

Յոթերորդ. հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Մենք վճառականորեն մերժել և մերժելու ենք հակամարտության շահարկմամբ  տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը»:

Դիտվել է 101631անգամ
Վերջին լուրեր