ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մեհդի Հեյաթ Վեջդանին:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ԻԻՀ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը: Անդրադարձ է կատարվել ՀՀ հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին տեղի ունեցած գործողությունների ընթացքում մեծ քանակությամբ արդիական ԱԹՍ-ների կիրառման փաստին և դրանց դեմ պայքարի արդյունավետությանը:

Հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգային խնդիրները, զրուցակիցները կարծիքներ են փոխանակել թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների բնույթի վերաբերյալ, գնահատվել է դրանց հնարավոր ազդեցությունը տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, տեսակետներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ: