10 / Օգոստոս / 2020 : 16-13

Տիգրան Ավինյանի նոր հանձնարարականը

Տիգրան Ավինյանի հանձնարարականը գիշերային ժամերին իրականացվող հրավառությունների վերաբերյալ

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, որում նշվում է.

«Ձեր բազմաթիվ դիմում-բողոքների, համացանցի և լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ քաղաքացիների անդորրը հիմնականում խանգարում են.

գիշերային ժամերին իրականացվող հրավառությունները և հրագործական արտադրատեսակների կիրառումը,

անօրինական վերասարքավորված ու առանց համապատասխան թույլտվության հատուկ ձայնային ազդանշաններով կահավորված տրանսպորտային միջոցները, ճանապարհային երթևեկության կանոններով չնախատեսված նպատակներով ձայնային ազդանշաններ արձակելը, ստանդարտին չհամապատասխանող երաժշտական համակարգերի օգտագործումը:

ՀՀ քաղաքացին, ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր ոք ունի կյանքի համար բարենպաստ և առողջության համար անվտանգ աշխատանքային ու բնակության պայմանների, հանգստի իրավունք։ Իսկ վերը թվարկվածը խախտում է մարդկանց իրավունքները, վտանգում մեր ու մեր երեխաների առողջությունը։

Հաշվի առնելով, որ վերոնշյալ ոլորտներում հիմնականում ունենք օրենսդրական կարգավորումներ, այսօր համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է.

Ուժեղացնել հսկողությունը գիշերային ժամերին լռության խախտման դեպքերի, հրավառությունների իրականացման, հրագործական արտադրանքի իրացման նկատմամբ,

Քայլեր ձեռնարկել գիշերային ժամերին ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտող և քաղաքացիների հանգիստը խանգարողներին պատասխանատվության ենթարկելու, անօրինական վերասարքավորված տրանսպորտային միջոցները հայտնաբերելու և դրանց շահագործումը դադարեցնելու ուղղությամբ,

Բնակչության շրջանում իրականացնել մեծածավալ իրազեկման աշխատանքներ՝ հրավառությունների կազմակերպման և հրագործական արտադրանքի իրացման ոլորտում գործող արգելքների, տրանսպորտային միջոցների ազդանշանային համակարգը օգտագործելու կանոնների վերաբերյալ»:

Դիտվել է 36803անգամ
Վերջին լուրեր