11 / Օգոստոս / 2020 : 11-36

Օգոստոսի 11-ը՝ Նավասարդի տոնն է

Օգոստոսի 11-ը Նավասարդի օրն է։ Նավասարդը Հայկական տոմարի առաջին ամիսն է։ Կազմված է «նավ» (նոր) և «սարդ» (տարի) բառերից և նշանակում է «նոր տարի»: Նավասարդ ամիսն ունեցել է 30 օր, սկսվել է օգոստոսի 11-ին և վերջացել սեպտեմբերի 9-ին։ Հին հայերի համար Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը) եղել է ժողովրդական խրախճանքների տոն։

Նավասարդ անունը պարթև-իրանական ծագում ունի և կազմված է երկու բառից՝ նավա-նոր և սարդ-տարի, այսինքն՝ Նոր տարի:

Նավասարդը ամռան վերջին ամիսն է, «ոսկե աշնան» նախադուռը։ Նավասարդի օրերին հասնում են հայկական հողի ու ջրի բարիքները՝ խաղողն ու տանձը, դեղձն ու ձմերուկը։

Տոնակատարությունը

Նավասարդյան օրերը հայերը տոնում էին առանձին շուքով, որը համարվում էր ամենահանդիսավոր ու ուրախալի տոնը։

Նոր տարին սկսվում էր նավասարդի (օգոստոս) մեկից և տևում մեկ շաբաթ։

Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում։ Ճոխ սեղան էին բացում և ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը։

Կար նաև տոպրակ կախելու սովորությունը։ Երդիկներից կախում էին գույնզգույն գուլպաներ, այն ակնկալությամբ, որ դրանց մեջ Նոր տարվա նվերներ կհայտնվեն։

Նավասարդյան օրերը կրում էին փաստորեն ազգային–ժողովրդական բնույթ։ Իշխում էին զվարճությունը, տոնահանդեսները, երգն ու պարը։ Մեծարում էին Անահիտ ու Աստղիկ աստվածուհիներին, ինչպես նաև Վահագն դյուցազնին, որոնք ժողովրդի մոտ բարի համբավ ունեին։

Տոնակատարության վայրերը

Պատմական Հայաստանում Նոր տարին կրում էր համաժողովրդական բնույթ, որին մասնակցում էին ամբողջ ազգի ներկայացուցիչները։ Այդ տոնը նշվում էր նախ Բագավանում և ապա Աշտիշատում։ Այդ տեղերում տարեմուտին, նավասարդ ամսի սկզբին մեծ խրախճանքներ ու տոնախմբություններ էին լինում։

Հին հայերի մոտ ջրի և գետի նկատմամբ եղել է պաշտամունք։ Առավել նվիրական գետ է համարվել Արածանին։ Նրա նկատմամբ եղած պաշտամունքը արտահայտվում էր նաև այն բանով, որ նրա ափին էին գտնվում հայոց նշանավոր դիցավանները՝ Բագավանն ու Աշտիշատը:

 

Դիտվել է 23702անգամ
Վերջին լուրեր