Նոր մանրամասներ Երևանում հեռուստաաշտարակի մոտ խեղդամահ արված աղջկա գործից․ կասկածյալը հատել է հայ-իրանական սահմանը

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Կենտրոնական և Էրեբունու բաժինների, Մարաշի բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ քննչական բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական հսկայածավալ միջոցառումներ, պարզել են օգոստոսի 17-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում հեռուստաաշտարակի հարևանությամբ գտնվող ձորում հայտնաբերված սպանված աղջկա ինքնությունը, հայտնում է shamshyan.com-ը:

Պարզվել է, որ նա Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ 26-ամյա Սաթենիկ Հ․-ն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր։ ՀՀ Քրեական օրենսգրքի՝ սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործում նշված սպանությունը կատարելու կասկածանքով՝ որոնվում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 32-ամյա Համիդոեզա Սադեֆարադը, որը ժամանակավորապես բնակվել է Աջափնյակ վարչական շրջանում։ Նա արդեն հատել է հայ-իրանական սահմանը:

Ինչպես արդեն հայտնել ենք՝ 2020թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի Հովսեփյան փողոցում հայտնաբերվել է Երևան քաղաքի 26-ամյա բնակչուհու դի` պարանոցի և դեմքի հատվածներում մարմնական վնասվածքներով: