23 / Օգոստոս / 2020 : 16-06

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ

Ս. թ օգոստոսի 23-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։

ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին։

Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ որոշ պետությունների ագրեսիվ հռետորաբանությունը և իրականացվող ռազմական բնույթի քայլերը միտված են տարածաշրջանային իրավիճակի ապակայունացմանն ու ռազմականացմանը։
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարը կարևորել է կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը բոլոր պետությունների կողմից։

Ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը,
նախարարները քննարկել և պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական համագործակցության ուղղությամբ առաջիկա անելիքների շուրջ։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում է «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակներում:

Դիտվել է 30129անգամ
Վերջին լուրեր