03 / Սեպտեմբեր / 2020 : 16-43

Օղիում առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը գերազանցում է թույլատրելի չափաքանակը․ փորձաքննության արդյունքները հայտնի են

 

Տնայնագործ պայմաններում պատրաստված օղու փորձաքննության արդյունքներով հաստատվել է, որ  օղիում առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը բազմակի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի չափաքանակը։ Այս մասին հաղորդում է ՍԱՏՄ։

«Սեպտեմբերի 1-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, լաբորատոր փորձաքննության նպատակով, նմուշառում էին կատարել 11 մարդու մահվան պատճառ դարձած տնայնագործ պայմաններում պատրաստված օղու բռնագրավված խմբաքանակից: Փորձաքննությունը հաստատել է թունավորման ախտանիշներով պայմանավորված նախնական վարկածը, այն է՝ օղիում առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը բազմակի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի չափաքանակը: ՍԱՏՄ-ն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց և հիշեցնում, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելվում է»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ալկոհոլային թունավորման ընդհանուր՝ 38 դեպք է գրանցվել, որից 25-ը` Արմավիրի մարզում, 12-ը` Երեւանում, 1-ը` Կոտայքի մարզում: Գրանցվել է մահված 14 դեպք:
Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուր է հանդիսացել մեկ վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղու օգտագործումը:
Երեւանի դեպքերից տուժածների մեծամասնությունն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ, մյուս մասի, ինչպես նաեւ Կոտայքի մարզում արձանագրված դեպքից տուժածի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են:

Դիտվել է 16825անգամ
Վերջին լուրեր