Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Սեպտեմբեր / 2020 : 11-32

«Ուշացած խոստովանություն». Վախթանգ Անանյան

Ես չէի համարձակվում մոտենալ նրան։ Այնքա՜ն բարձր, այնքան անհասանելի էր նա ինձ համար։ Գեղեցիկ գլուխը հպարտորեն բարծր պահած, խոշոր սև աչքերի նայվածքը վերից վար, արհամարհական, միշտ լուրջ ու խստադեմ այն աղջիկը ակնածանք էր ներշնչում մեզ՝ գյուղական պատանիներիս։ Ինձ միշտ թվում էր, որ մի ահագին վիհի մյուս բարձրադիր ափից է նայում նա ինձ, և ես գիտեի, որ այդ վիհը երբեք չի լցվելու։ Նա կրթված էր, սիգաճեմ, ճաշակով հագնված։ Գյուղաքաղաքի ազդեցիկ մարդկանցից մեկի միակ դուստրն էր, ուստի և մեծամտացած ու երես առած։ Տասնևչորս տարին դեռ չլրացած, նա արդեն լուրջ օրիորդի տեսք ուներ և իր առավելությունները գիտակցող էակի զուսպ վեհություն։ Գյուղաքաղաքի «ֆրանտ» երիտասարդության կռվածաղիկն էր նա, իսկ մեր՝ տավարած պատանիներիս երազանքի առարկան։

Մենք նրան սիրում էինք հեռվից, վարից վեր, քաշվելով ու անհամարձակ, անհույս, առանց ակնկալության, հետևապես և առանց մրցության ու ինտրիգների։ Բայց սիրում էինք լեռնեցի պատանու անարատ սիրով։ Մենք արտաքուստ կոշտ-կոպիտ էինք, բրդյա հագուստով, մազոտ տրեխներով, մոթալ փափախով, արևվառ դեմքերով ու ճաքճքված ձեռներով։ Բայց մեր լեռնային սքանչելի բնությունն այնքա՜ն գեղեցկություններ էր ամբարել մեր ներսում… Ինձ թվում է, թե այն ժամանակ մեր սարահարթերում ինչքան ծաղիկներ կային, բոլորից էլ բացվել էին իմ հոգում, և ամեն առավոտ ջինջ լազուրից անմահական ցող էր իջնում նրանց վրա։ Ինձ թվում է, որ այն ժամանակ իմ պատանեկական ալեկոծ հոգուց ես լսում էի մեր լեռնային առվակների կարկաչը, և ջրվեժների շառաչյունը… Ես ծնվել էի վրաններում, մեծացել հորթերի հետ, սնվել անտառներում, նիրհել բացօթյա, աստղերի տակ։ Ես բնության մի մասնիկն էի, նրա անտաշ մի բեկորը, ուստի և նրա բարեմասնություններով օժտված։

Հովիվ մարդը երազող է լինում։ Գուցե դրա պատճառն այն է, որ նա հեռու է քաղաքի ժխորից և նրա երևակայության թռիչքր չի խանգարվում։ Բնության անդորր ու վսեմ խաղաղության մեջ, նրա հեքիաթային պատկերների ազդեցությամբ, երանության ժպիտը դեմքին երազում է հովիվ պատանին՝ իրեն անծանոթ պայծառ ու լուսավոր ափերի մասին ու իր հոգու խորքում գուրգուրում է նրան՝ իր երազանքի առարկային։ Լուսածագից մինչև աղջամուղջ լեռան ծաղկոտ լանջին պառկած, ես կլանում էի հռչակված սիրային վեպերը։ Ու միշտ էլ իմ կարդացած գրքերի հերոսուհիները- և′ կապուտաչյա Լիգիան «Յո՞ երթաս»-ում, և′ «Անգլուխ ձիավորի» Լուիզան, և′ Մանոն Լեսկոն,– բոլո′րը, բոլորը ինձ պատկերանում էին այն սևաչյա աղջկա կերպարանքով, – սև, ալիքավոր մազերը վերև սանրած, զույգ փարթամ հյուսերը մինչև գոտին, թուխ աչքերի նայվածքը լուրջ ու խաղաղ։

Երբեմն ես սարից ցած էի իջնում, գնում գյուղաքաղաք ուսումը շարունակող իմ նախկին ընկերներից գիրք խնդրելու։ Տավարածի իմ պայուսակը գրքերով լի ես անցնում էի դպրոցի առաջից, կռթնում էի ցանկապատին ու հաստափոր վեպը բացում,- ընդմիջումին, երբ դուրս գա բակ, թող տեսնի, թե ինչպիսի գրքեր եմ կարդում, թող իմանա, որ ես թեկուզ և տավարած եմ, բայց սիրում եմ գիրքը…

Զանգը հնչելուն պես դպրոցի դռներից դուրս էր հորդում խայտաբղետ պատանիների հորձանքը՝ աշխույժ ու աղմկոտ։ Բոլորից հետո, սիգաճեմ քայլերով դուրս էր գալիս նա, աչքերը թեթև կկոցելով, մի հայացքով թեթևակի ընդգրկում էր բակն ու մինչ ընկերներն աղմուկով խաղում էին, նա լրջադեմ ու սառը պատասխանում էր իրեն շրջապատող «ֆրանտ» պատանիների հաճոյախոսություններին։ Ոչ մի ժպիտ, քնքշության ոչ մի նշան,- ինչքա՜ն ժլատն է, ինչքա՜ն անմատչելի։ Պատահում էր, որ նա նայում էր իմ կողմը։ Այդ րոպեներին ես արյանս զարկն զգում էի քունքերումս, դեմքս հրդեհվում էր, ուզում էի թաք կենալ նրա հայացքից։ Իսկ նա այնպես սա՜ռն էր, անտարբեր…. Ինձ թվում էր նույնիսկ, որ նա ինձ չի նկատում, նայում է ոչ թե ինձ, այլ այն ծառի բնին, որին մեջքս հենում էի ես։

Այն ժամանակ սիրտս դառնությամբ լիքը, ես շտապում էի դեպի մեր լեռները, հեռանալու մարդկանցից, առանձնանալու բնության գրկում՝ իմ մտքերի ու երազների հետ։

Ուսման ծարավը լափում էր ինձ։ Կարիքր, անողոք կարիքր ստիպել էր հորս հանել ինձ դպրոցից և ուղարկել ձմեռանոց՝ տավար պահելու։ Ես հոգուս խորքում ձմեռանոց էի տարել ուսման կարոտը և այն աղջկա կարոտը…

Վախթանգ Անանյան (26.07.1905-04.03.1980),

Հատված «Ուշացած խոստովանություն» պատմվածքից

Դիտվել է 34078անգամ
Վերջին լուրեր