16 / Սեպտեմբեր / 2020 : 18-05

Պարզվեց՝ Ադրբեջանը սխալ էր, մենք՝ ճիշտ. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սեպտեմբերի 14-ի հայտարարությանը համարում է կառուցողական և տրամաբանական:  Վարչապետն այս մասին խոսեց ԱԺ ամբիոնից պատգամավորների և կառավարության անդամների հարցուպատասխանի ընթացքում:

«Այն բանակցային գործընթացը վերականգնելու կամ շարունակելու հայկական կողմի պատկերացումներին համապատասխանում է: Մենք ունենք բանակցային գործընթացում սկզբունքներ, մենք արձանագրել ենք այդ սկզբունքները, բայց ասել ենք նաև, որ այդ սկզբունքները չենք համարում նախապայման, որ մինչև այդ հարցերը չլուծվեն, մենք չենք բանակցի: Քանի որ եթե բոլոր հարցերը լուծվել են, էլ բանակցելու կարիք չկա: Բանակցելն այդ հարցերը լուծելու նպատակ ունի և ոչ թե պետք է մեկնարկի այդ հարցերի լուծումից հետո: Այսինքն՝ եթե այդ հարցերը լուծվեն են, էլ բանակցություններն ինչի համար են»,-պարզաբանեց վարչապետը՝ ի պատասխան անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:  

Փաշինյանն ընդգծեց՝ իր ընկալմամբ՝ նախապայմաններ ունի Ադրբեջանը, որն ասում է, որ Ղարաբաղը պետք է լինի բացառապես Ադրբեջանի մաս: Իսկ բանակցությունների համար մթնոլորտը հուլիսյան մարտերից հետո հարիր է այնքան, որքան մարտերից առաջ, որովհետև հենց հուլիսյան դեպքերից առաջ Ադրբեջանի կողմից արվում էին ռազմատենչ և ռազմաշունչ հայտարարություններ, որոնք, ՀՀ վարչապետի բնորոշմամբ, ընդհանրապես համահունչ չեն բանակցային տրամաբանությանը:

«Բայց կարծում եմ, որ միջազգային հանրության դիրքորոշումը շատ հստակ է՝ Ղարաբաղի հարցն ունի բացառապես խաղաղ, բանակցային լուծում, իսկ հուլիսյան մարտերը փոխեցին հետևյալ տրամաբանությունը. մենք ասում էինք, որ Հայաստանի և Արցախի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով, Ադրբեջանն ասում էր, որ իրենք 24 ժամվա ընթացքում ուժով կլուծեն Ղարաբաղի հարցը: Պարզվեց՝  Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է 7891անգամ
Վերջին լուրեր