ՍԴ նախագահի ընտրության հարցով այսօր կունենանք վերջնարդյունք. Էդգար Շաթիրյան
Կարծում եմ այսօր ՍԴ նախագահի ընտրության հարցում կունենանք վերջնարդյունք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:
Անդրադառնալով Հրայր Թովմասյանի այն հայտարարությանը, որ պատահական չէ, որ իր առաջադրած թեկնածուն ինքնաբացարկ հայտնեց և մնաց միայն մեկ թեկնածու, ի՞նչ է կարծում արդյոք կա նախնական պայմանավորվածություն, Շաթիրյանը պատասխանեց․ «ՍԴ յուրաքանչյուր դատավոր ազատ է արտահայտելու իր կարծիքը, պարոն Թովմասյանի մեկնաբանությունների վերաբերյալ հավելյալ մեկնաբանությունների անհարժեշտություն չեմ տեսնում։ Ես իմ մասով կպատասխանեմ, ես այդպիսի տխպավորություն չունեմ, որ Խունդկարյանը հատուկ է եկել ՍԴ նախագահ դառնալու համար»։
Հարցին, ինչո՞ւ նա ՍԴ նախագահի որևէ թեկնածու չառաջադրեց կամ ինքնառաջադրվեց, Շաթիրյանը պառտասխանեց․ «Այդպես նպատակարմար գտա, դա իմ համոզմունք է»։
Հարցին, թե ՍԴ հին ու նոր կազմերը կարողանո՞ւմ են լեզու գտնել, թե կա բեւեռվածություն, նա արձագանքեց. «Այն, որ տարբեր հարցերի շուրջ մոտեցումները կարող են տարբեր լինել, կարող է լինել բավականին բուռն, թեժ բանավեճ, դա նորմալ է: Բայց այն, ինչ դուք ներկայացրեցիք, ծայրահեղություն է»:
Շաթիրյանը նշեց, որ ինքը հարցեր ունի ՍԴ նախագահի միակ թեկնածու Երվանդ Խուդկարյանին. «Որոշ հարցեր ինձ մոտ գրի եմ առել: Ես ունեմ իմ ձեւավորված դիրքորոշումը, եթե չասեմ համոզմունքը այս հարցում: Չեմ ուզենա այս պահին որեւէ մեկին թիրախավորել կամ փակագծեր բացել»: