Ցավում ենք, որ Ադրբեջանը պարբերաբար փորձում է չարաշահել բազմակողմ համագործակցության թեմատիկ հարթակները. ԱԳ նախարար
Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի (ՍԾՏՀ ԱԳՆԽ) ոչ պաշտոնական առցանց հանդիպմանը, որը կրում էր «Համագործակցության ամրապնդում COVID-19 համավարակից անդին՝ գործողությունների նորարարական գերակայությունների հստակեցում, որոնց հարկավոր է անդրադառնալ ՍԾՏՀԿ շրջանակներում» խորագիրը։
Հանդիպմանը, որը նախագահում էր ռումինական կողմը, մասնակցեցին և ելույթով հանդես եկան ՍԾՏՀԿ անդամ երկրներից Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Մոլդովայի ԱԳ նախարարները, Ալբանիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Վրաստանի, Սերբիայի, Ուկրաինայի փոխնախարարները, ինչպես նաև հրավիրյալ հյուրի կարգավիճակով Եվրոպական Հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեինը։
Բացման խոսքով հանդես եկավ ՍԾՏՀԿ-ում նախագահող երկրի՝ Ռումինայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն, որից հետո՝ Կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիսթիդեսը:
Նախարար Մնացականյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Ռումինիայի իր գործընկերոջն արդյունավետ նախագահության և ՍԾՏՀԿ տարածաշրջանային համագործակցության բարձր մակարդակի համաժողովի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև օրակարգային հարցերի առաջմղման շուրջ գործադրած ջանքերի համար։
ԱԳ նախարար Մնացականյանն իր ելույթում անդրադարձ կատարեց նոր տիպի կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած աննախադեպ մարտահրավերներին նշելով, որ երկրները ոչ միայն պետք է միավորեն ուժերը՝ կանխարգելելու, կանխելու և հակազդելու դրա տարածումն ու հետևանքները, այլև քայլեր ձեռնարկեն ՍԾՏՀԿ շրջանակներում կենսունակ և հեռանկարային համագործակցություն ստեղծելու ուղղությամբ:
ԱԳ նախարարը նշեց նաև, որ, հաշվի առնելով տարածաշրջանային նոր տնտեսական միտումները և հետպանդեմիկ շրջանում համաշխարհային տնտեսական վերափոխումները, անհրաժեշտություն է առաջացել վերանայելու նաև ՍԾՏՀԿ 2012-ի տնտեսական օրակարգը, այն՝ նոր միտումներին և ավելի լայն համաշխարհային տնտեսական օրակարգին, ներառյալ՝ կայուն զարգացման նպատակներին համահունչ դարձնելու և, ի վերջո, ավելի ուժեղ և դինամիկ ինստիտուտի վերափոխելու համար: Նախարարի խոսքով՝ ՍԾՏՀԿ հետագա ամրապնդումը կարող է իրականացվել միայն համապարփակ և շարունակական բարեփոխումների գործընթացով, անդամ պետությունների հիմնավոր քաղաքական կամքի դրսևորմամբ:
Նախարարն իր ելույթի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծեց նաև, որ ՍԾՏՀԿ-ն հիմնադրվել և նախագծվել է որպես տարածաշրջանային տնտեսական համագործակցության և գործընկերության ֆորում և երկկողմ տարաձայնությունները գերքաղաքականացնելու և հակամարտությունների շուրջ կողմնակալ մոտեցումները Կազմակերպության օրակարգ մտցնելու փորձերը հակասում են Կազմակերպության Կանոնադրությանը, սկզբունքներին և չեն ծառայելու դրա նպատակին:
«Խորապես ցավում ենք, որ Ադրբեջանը պարբերաբար փորձում է չարաշահել բազմակողմ համագործակցության թեմատիկ հարթակները, այդ թվում՝ ՍԾՏՀԿ-ն: Առանձնապես ցավալի է, որ վերջերս Ադրբեջանը միջազգային մշտական քարտուղարությանը փոխանցել է Կազմակերպության մեկ այլ անդամի՝ մեր հասցեին ուղղված անհիմն և ոչ փաստարկված մեղադրանքներ պարունակող գրություն: Մենք խստորեն դատապարտում ենք նման փորձերն ու գործելաոճը, որոնք միանգամայն անընդունելի են: Դա անարգանք է Կազմակերպության և վերջինիս անդամության սկզբունքների նկատմամբ:
Մինչ աշխարհի շատ ժողովուրդներ պայքարում էին համավարակի դեմ, հուլիսին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Հայաստանի դեմ՝ ակնհայտորեն ի ցույց դնելով, թե ինչու տվյալ անդամ պետությունը նախընտրեց ոչ միայն խոսքով, այլև գործողություններով չաջակցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ COVID-19-ի բռնկմամբ պայմանավորված համաշխարհային զինադադարի հաստատման կոչին: Ավելին, նույն անդամ պետությունը հրապարակավ սպառնացել է հրթիռային հարվածներ հասցնել Հայաստանի ատոմակայանին: Այս անխոհեմ և անպատասխանատու գործելաոճը բացարձակապես անհամատեղելի է միջազգային իրավունքի և քաղաքակիրթ մարդկության հիմնական արժեքներին»: