25 / Սեպտեմբեր / 2020 : 23-14

Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, որոշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը՝  երկու ամիս ժամկետով։

Նշենք, որ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունն ընթացավ շուրջ 9 ժամ։ Ծառուկյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավորին, ինչը, սակայն, մերժվել էր։

Հիշեցնենք, որ պաշտպանները Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ-ին։ Նրանք հայտնել են, որ ունեն փաստական տվյալներ այն մասին, որ ինչ-որ պաշտոնատար անձանց անօրինական միջամտության արդյունքում «որոշվել» է, որ վճռաբեկ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է մերժի ներկայացված վճռաբեկ բողոքները, որպեսզի դատական գործը շատ արագ մուտքագրվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հնարավորինս արագ կարգով քննություն իրականացվի եւ Գագիկ Ծառուկյանը կալանավորվի։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է ապօրինի։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ծառուկյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել ԱԺ, որը բավարարվել էր։

Սակայն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Ըստ առաջին ատյանի դատարանի որոշման՝ հիմնավոր կասկածն առկա էր։ Այս որոշումը Վերաքննիչ էին բողոքարկել երկու կողմն էլ. դատախազությունը պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ կալանավորել Ծառուկյանին, իսկ փաստաբաններն էլ մի քանի  բողոք էին ներկայացրել, որոնցից մեկն այն էր, թե գործն ըստ օրենքի պետք է ՀՔԾ-ում քննվեր։

Նշենք, որ վերաքննիչը մերժել էր փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքն էլ մասնակի բավարարել՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը եւ ուղարկել նոր քննության։

Այնուհետեւ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմն ու գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք էին ներկայացրել։ Հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել կողմերի բողոքները։

Նշենք, որ այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ԱԺ նախկին մի քանի պատգամավորներ, որոնց թվում են՝ Աբրահամ Մանուկյանը, Վանիկ Ասատրյանը եւ Սեդրակ Առուստամյանը։

 

Դիտվել է 33802անգամ
Վերջին լուրեր