Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Սեպտեմբեր / 2020 : 22-22

«Այս ագրեսիան ոչ միայն կանխամտածված էր Ադրբեջանի կողմից, այլև ուղեկցվում է Թուրքիայի մեծածավալ աջակցությամբ»․ Զոհրաբ Մնացականյանը «Ալ Ջազիրա» լրատվականին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա» լրատվականին


Ալ Ջազիրա. Դուք շատ հստակ լսեցիք Ադրբեջանի հայտարարությունն առ այն, որ իրենք կանգ չեն առնելու, «քանի դեռ չեն ազատագրել այս տարածքը». իրենք խոսում են լայնամասշտաբ պատերազմի մասին: Դուք համարու՞մ եք, որ գտնվում եք լայնամասշտաբ պատերազմի մեջ:

Զոհրաբ Մնացականյան. Այն, ինչ մենք լսում ենք Ադրբեջանի կողմից, պատերազմի ընտրությունն է: Սա Ադրբեջանի կողմից խաղաղ բանակցությունների տապալում է՝ ի վնաս խաղաղ գործընթացի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով նախապես ծրագրված լայնածավալ հարձակում է: Այսօր առավոտյան տեղի ունեցածն Ադրբեջանի՝ իր առավելապաշտական դիրքորոշումն ագրեսիվ կերպով առաջ մղելու մտադրությունների ապացույցն է, որը ուղղված է մեր ժողովրդի անվտանգության դեմ: Մենք հետևողականորեն պնդում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքը մեր ժողովրդի անվտանգությունն է, և այսօր ևս մեկ անգամ ապացուցվեց, որ մենք պետք է ապահովենք անվտանգությունը մեր հայրենակիցների՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, ովքեր հաստատակամ են հակադարձելու այս ագրեսիային՝ իրենց անվտանգությունը, ազատությունը պաշտպանելու համար: Եվ այս ագրեսիան ոչ միայն կանխամտածված էր Ադրբեջանի կողմից, այլև ուղեկցվում է Թուրքիայի մեծածավալ աջակցությամբ, որն իր ռազմական ներկայությունն ունի Ադրբեջանում, որն ի ցույց է դնում իր միակողմանի աջակցությունն Ադրբեջանին և ագրեսիվ դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ: Սա չափազանց մտահոգիչ է, սա լայնածավալ էսկալացիա է, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:

Ալ Ջազիրա. Նրանց խոսքով՝ այս լարվածությունը դուք եք սկսել: Իրականում նրանք ասում են, որ առաջինը դուք եք հարձակվել ժամը 06:00-ին կամ դրանից մեկ ժամ առաջ:

Զոհրաբ Մնացականյան. Ես լիովին հերքում եմ այդ բացարձակ ապատեղեկատվությունը, որն Ադրբեջանին բնորոշ գործելաոճ է: Մենք մտադիր չենք իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն լարվածության աճի: Հայաստանը շատ հաստատուն է եղել իր այն դիրքորոշման մեջ, որ լուծումը հնարավոր է բացառապես խաղաղ միջոցներով, բացառապես փոխզիջման հիման վրա: Մենք չենք անի մի բան, որը կհակասի մեր հռչակած մտադրություններին: Ինչպես ասացի, մեզ համար ամբողջ խնդիրը մեր հայրենակիցների անվտանգությունն է: Նրանք շատ հաստատուն և վճռական են՝ պաշտպանելու իրենց, և Հայաստանը շարունակում է մնալ նրանց անվտանգության վճռական երաշխավորը: Մենք հորդորում ենք Ադրբեջանին վերջ դնել այս ագրեսիային, գալ ողջամտության դաշտ և վերադառնալ խաղաղ գործընթացին:   

Ալ Ջազիրա. Արդյո՞ք կարող եք իրականում կանգնեցնել նրանց, եթե նրանք հայտարարում են, որ պատրաստվում են լայնածավալ պատերազմի և ազատագրելու այս տարածքը: Պաշտպանվելու առումով Հայաստանն ի՞նչ դիրքերում է գտնվում:

Զոհրաբ Մնացականյան. Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու է իր յուրաքանչյուր թիզ հողը  և իր անվտանգությունը, և Հայաստանը երաշխավորն է այդ ամենի: Ուժի սպառնալիքը բնորոշ է Ադրբեջանի կառավարության և Բաքվի ռեժիմի բառապաշարին, վերջին անգամ այն արտահայտվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, և նրանք այժմ պարզապես դա արտահայտում են իրենց գործողություններով: Բայցևայնպես, նրանք այս անգամ ևս հետ կշպրտվեն: 

Ալ Ջազիրա. Պարոն նախարար, Դուք խոսեցիք բանակցությունների մասին: Ինչպես ե՞ք  դա տեսնում, ինչպես կարող է դա տեղի ունենալ: Ո՞վ կլիներ միջնորդը, ինչպե՞ս ետքայլ կարվի անդունից: 

Զոհրաբ Մնացականյան. Գոյություն ունի բանակցությունների հաստատված ձևաչափ:  Դա միջազգայնորեն ճանաչված ձևաչափ է, որը ներառում է միջնորդների՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա: Մենք բոլոր մակարդակներով մշտական կապի մեջ ենք համանախագահ երկրների հետ: Եվ մենք աշխատում ենք այն ուղիների շուրջ, որոնց միջոցով կարող ենք իրավիճակը վերադարձնել իր բնականոն հուն՝ բանակցային գործընթացի համար: Մենք հավատարիմ ենք դրան: 

Այնուամենայնիվ, սա չպետք է շփոթել Հայաստանի և Արցախի՝ մեզ պաշտպանելու  վճռականության հետ թե Լեռնային Ղարաբաղում և թե Հայաստանում: Կարգավորումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա: Այս տարիների ընթացքում Բաքվից եկող առավելապաշտական դիրքորոշումը որևէ տեղ չունի բանակցային գործընթացի առաջընթացի համար: Հայաստանի վարչապետը հետևողականորեն պնդել է, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրի համար, այն է՝ փոխզիջման վրա հիմնված լուծում, և ոչ թե լուծում, որը բավարարում է միայն մեկ կողմի պահանջները: Վերջինս լիովին մերժված է: Ադրբեջանը երբեք չի փոխադարձել փոխզիջումային լուծման մեր կոչին. նրանք նախընտրում են ռազմական լուծումը, նախընտրում են ագրեսիան: Եվ այն, ինչի ականատեսն ենք լինում հիմա, Ադրբեջանի այս հետողական քաղաքականության դրսևորումն է:

Հարց. Բանակցությունների՝ Ձեր կողմից նշված մեխանիզմը  արդյոք կարո՞ղ է ամեն ինչ կարգի բերել։ Կան Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան, որոնք անհապաղ լարվածության նվազեցման կոչ են արել, սակայն կա նաև Թուրքիան, ով ուղղակիորեն աջակցում է ադրբեջանցիներին և, թվում է, որն ավելի շատ գտնվում է մարտական տրամադրվածության մեջ: Արդյո՞ք գործող մեխանիզմը կարող է հաղթահարել որևէ այլ դերակատարից եկող սպառնալիքները: 

Զոհրաբ Մնացականյան. Մեկ պարզաբանում. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործիքակազմը երեք երկրների համանախագահությունն է՝ բաղկացած Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից:

Այս բանակցությունների շրջանակներում, եթե Ադրբեջանն այդքան «վճռականորեն» մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին, ապա կոչ եմ անում Ադրբեջանին անմիջապես համաձայնել հետաքննության և ռիսկերի նվազեցման մեխանիզմների և հրադադարի խախտման մշտադիտարկման մեխանիզմների ներդրմանը, որի վրա մենք այսքան տարի պնդում ենք, իսկ իրենք հրաժարվում՝ քողարկելու համար իրենց ռազմական և ագրեսիվ մտադրությունները, և ներքաշվելու մեղադրանքների խաղի մեջ, ինչպես անում են հիմա։ Եթե իրենք ցանկանում են լարվածության թուլացում, ապա պետք է համաձայնեին այդ մեխանիզմների ներդրմանը: Անգամ այժմ կարող են համաձայնել այդ մեխազնիմներին, որոնք կարող են ամրապնդել հրադադարի ռեժիմը և ռիսկերի նվազեցումը։ 

Ուստի, կրկին հանդես ենք գալիս այդ կոչով, որն ամբողջությամբ մերժվել էր Ադրբեջանի կողմից, իսկ իրենց կողմից առաջարկվող մեղադրանքների այս խաղը, որը նրանք փորձում են պարտադրել մեզ, ամբողջությամբ մերժվելու է։ Իրենք կրում են ներկայիս իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը։

Դիտվել է 43822անգամ
Վերջին լուրեր