28 / Սեպտեմբեր / 2020 : 14-15

Հայաստանը և Արցախը վճռական են իրենց ողջ կարողություններով դիմակայելու և չեզոքացնելու թուրք-ադրբեջանական դաշինքի մտադրությունները. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ:

yelaket.am-ը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարությունը.

«Սեպտեմբերի 28-ի դրությամբ շարունակում են Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիան:

Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի ողջ երկայնքով իրադրության սրման վերաբերյալ միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նրանց երկրների հայտարարությունները, միանշանակորեն ի ցույց են դնում, որ միջազգային հանրությունը դատապարտում է ուժի կիրառումը և տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խաթարումը:

Բախվելով միջազգային հանրության այս դիրքորոշման միասնականությանը՝ ադրբեջանական կողմը դիմել է բացահայտ կեղծիքների տարածմանը՝ մեղադրելով հայկական կողմին մարտական գործողությունների սանձազերծման մեջ:
Մինչդեռ գոյություն ունեն անհերքելի փաստական հիմքեր առ այն, որ հենց Ադրբեջանն է նախաձեռնել ագրեսիան:

Տարիներ շարունակ Ադրբեջանը հետևողականորեն խախտել է 1994-1995թթ. անժամկետ եռակողմ համաձայնագրերով հաստատված հրադադարի ռեժիմը, մերժել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկվող հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրման և հրադադարի մոնիտորինգի ամրապնդման առաջարկները՝ ուժի կիրառման հնարավորությունների պահպանման և «մեղադրանքների խաղ» տանելու համար։ Դրա վերջին վառ արտահայտումն է, որ սեպտեմբերի 25-ին Ադրբեջանը մերժել էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շփման գծի մոնիտորինգ անցկացնելու խնդրանքը, ինչն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Ադրբեջանի նպատակն է եղել թաքցնել պատերազմ սկսելու իր ծրագրերը:

Ադրբեջանի ներկա ագրեսիան Արցախի դեմ բնութագրվում է երկու կարևոր առանձնահատկությամբ․

Ադրբեջանի նախագահ Ալիևի մակարդակով հրապարակավ hրաժարվել է խաղաղ գործընթացից և խնդիր է դրել ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել լայնածավալ պատերազմով,

Երկրորդ, այս նպատակի հետապնդման համար Ադրբեջանը ստանում է Թուրքիայի լայնածավալ ռազմաքաղաքական աջակցությունը։

Հատկանշական է, որ Թուրքիան սատարել է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության շրջանակներում դեռևս անցյալ դարի 90-ական թվականներից, երբ ցամաքային շրջափակման ենթարկեց Հայաստանի Հանրապետությանը։ Այնուհանդերձ, այս ագրեսիայի և դրան նախապատրաստվելու ընթացքում Թուրքիայի աջակցությունը կրել է որակական փոփոխություններ և բնութագրվում է ռազմական գործողությունների թատերաբեմում Թուրքիայի ուղղակի ներկայությամբ:
Ադրբեջանի հետ կողք կողքի մարտնչում են թուրքական ռազմական մասնագետները, որոնք օգտագործում են թուրքական արտադրության սպառազինություն, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և ռազմական ինքնաթիռներ: Արժանահավատ աղբյուրներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան: Միաժամանակ Թուրքիան բարձրագույն ղեկավարության մակարդակով լիարժեք քաղաքական և քարոզչական աջակցություն է տրամադրվում Ադրբեջանին:

Փաստացիորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ։ Թուրքիան, որը մեկ դար առաջ բնաջնջել է իր պատմական հայրենիքում ապրող հայ ժողովրդին և մինչ օրս արդարացնում է այդ ոճիրը, ներկայումս հնարավոր բոլոր միջոցներով սատարում է Ադրբեջանին՝ այդ նույն ցեղասպան գործողությունները Հարավային Կովկասում իրականացնելու համար: Թուրք-ադրբեջանական այս ցեղասպան դաշինքը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի ժողովուրդների համար:

Հայաստանը և Արցախը վճռական են իրենց ողջ կարողություններով դիմակայելու և չեզոքացնելու այդ դաշինքի մտադրությունները: Հայկական կողմերի այդ վճռականությունն այլընտրանք չունի, քանի որ արտահայտում է հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու անկոտրում կամքը:

Հայաստանը ամբողջովին վստահ է, որ Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունը ձախողվելու է և Ադրբեջանը պարտադրված է լինելու հրաժարվել ռազմական ճանապարհով հիմնախնդրի կարգավորման իր մտադրությունից ու Արցախի ժողովրդի հետ խոսելու ոչ թե հրանոթների լեզվով, այլ խաղաղ բանակցային սեղանի շուրջ։

Դիտվել է 19665անգամ
Վերջին լուրեր